Զուրաբյանը՝ 1997-ի կարգավորման պլանի բովանդակության մասին. «Շուշին և Լաչինը մնում էին մեզ»

Զուրաբյանը՝ 1997-ի կարգավորման պլանի բովանդակության մասին. «Շուշին և Լաչինը մնում էին մեզ»

PanARMENIAN.Net - ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում բացահայտել է 1997-ի կարգավորման պլանի բովանդակությունը՝ շեշտելով, որ Շուշին և Լաչինը մնում էին մեզ։

Նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «պրոպագանդիստներն արդեն նաև Ազգային ժողովի ամբիոնից են փորձում արդարացնել նրա քաղաքական որոշումները»՝ վկայակոչելով վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտի բացահայտված փաստաթղթերը, որոնք, իբր, ցույց են տալիս, որ 1997 թվականի Փուլային կարգավորման համաձայն «հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Շուշիից ու Լաչինից»։

Այս պնդումները, Լևոն Զուրաբյանի կարծիքով, գալիս են դիվանագիտության չիմացությունից կամ միտումնավոր մոլորեցնելու ցանկությունից։ Նա ընդգծել է, որ նման հայտարարությունները հիմնվում են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ներկայացրած ցանկությունների վրա, որոնք ամերիկյան զեկույցներում արտացոլում են միայն Ադրբեջանի ապագա ակնկալիքները, այլ ոչ թե Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած և երկու կողմերի համաձայնությունն ստացած բուն կարգավորման տեքստը։

«1997-ի Փուլային կարգավորման տեքստում, զորքերի դուրսբերման մասին, մասնավորապես նշվում է (II.B կետում).

«Երկրորդ փուլում ուժերը դուրս են բերվում միաժամանակ և թիվ 1 հավելվածում ներառված գրաֆիկի համաձայն` հետևյալ կերպ.

(1) Հայաստանի ուժերը, որոնք տեղաբաշխված են Հայաստանի սահմաններից դուրս, բերվում են այդ սահմաններից ներս:

(2) ԼՂ ուժերը բերվում են ԼՂԻՄ 1988թ. սահմանագծից ներս` բացառությամբ Լաչինի շրջանի:

(3) Ադրբեջանի ուժերը դուրս են բերվում դեպի թիվ 1 հավելվածում նշված սահմաններից անդին` ԲՄԾԽ հանձնարարականների հիման վրա, և Հայաստանի տարածքից:»

Ինչպես տեսնում ենք, հայկական զորքերը ոչ միայն մնում էին ամբողջ ԼՂԻՄ–ի տարածքում (ինչը ներառում է Շուշին), այլ նաև ամբողջ Լաչինի շրջանում։

Իսկ ինչ վերաբերվում էր չհամաձայնեցված հարցերին (Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Շահումյանի շրջան հայերի վերդադարձը, Շուշի և Լաչին՝ ադրբեջանցիների վերադարձը), դրանք հետաձգվում էին անորոշ ապագայով և պետք է լուծվեին Հաաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հետագա բանակցություններով մի վիճակում, երբ արդեն հաստատվել են ԵԱՀԿ բաժանարար բազմազգ ուժերը և դադարեցված է ռազմական հակամարտությունը։ Ահա ինչպես էր դա ձևակերպված կարգավորման պլանում (կետ XI).

«Սույն համաձայնագրի երեք կողմերը, այսպիսով վերջ դնելով հակամարտության պատերազմական կողմին, համաձայն են Մինսկի խորհրդաժողովի համանախագահների օժանդակությամբ բարեխղճորեն շարունակել բանակցությունները ԵԱՀԿ գործող նախագահի կողմից համապատասխանաբար հրավիրված այլ կողմերի հետ հակամարտության մյուս բոլոր կողմերի անհետաձգելի ու համապարփակ կարգավորմանը հասնելու նպատակով, այդ թվում` քաղաքական կողմը, ինչը ներառում է ԼՂ կարգավիճակի որոշումը և Լաչինի, Շուշիի ու Շահումյանի հետ կապված խնդիրների լուծումը. այսպիսի կարգավորումը բանակցությունների ճանապարհով իրականանալուց և վերոհիշյալ կողմերի ստորագրումից հետո ենթակա է ճանաչման միջազգային հանրության կողմից հնարավորինս արագ հրավիրվելիք Մինսկի խորհրդաժողովի ժամանակ»:

Ինչպես տեսնում ենք, կարգավորման պլանում Շուշիից և Լաչինից հայկական զորամիավորումների դուրսբերման և այդ շրջաններ ադրբեջանցիների վերադարձի հետ կապված Ադրբեջանի ցանկություններն անգամ ձևակերված չեն, և այդ ամենի մասին խոսվում է ընդամենը, որպես «Շուշիի և Լաչինի հետ կապված խնդիրներ»,–ասվում է գրառման մեջ։

Նա նաև հավելել է, որ կարգավորման չլուծված հարցերի փաթեթում ներառված էր նաև Շահումյանի հարցը, ինչը, ըստ նրա, փաստում է, որ կարգավորման նախագծում կոդավորված էր Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը՝ Շահումյանի, Շուշիի և Լաչինի հարցերի փոխանակմամբ։

«Ստախոսներից ներողություն չեմ ակնկալում, որովհետեւ սուտ ասելը այսօր դարձել է նրանց համար միակ մասնագիտությունը»,–գրել է Զուրաբյանը։

 Ուշագրավ
---