Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը շարունակում է վատթարանալ. 2024 թվականին ուժեղացվել են լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների դեմ ռեպրեսիաները, ինչպես նաև խորացել են երկրի քրեակատարողական համակարգում առկա խնդիրները։ Այդ մասին են վկայում իրավապաշտպան կազմակերպությունները։
Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ երկրի 23 տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի կազմում։ «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ազատության միությունը» դեկտեմբերի 12-ին թարմացրել է իր ցուցակը՝ նշելով 331 անձ, ինչը 77-ով ավել է, քան մեկ տարի առաջ, հայտնում է «Կովկասյան հանգույցը»:
Իրավապաշտպան «Պաշտպանության գիծ» կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանի իշխանությունները ակտիվորեն կիրառում են ձերբակալությունները քաղաքական ակտիվությունը ճնշելու նպատակով։ Զեկույցում նշվում է, որ «2024 թվականին արձանագրվել են Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և այլ միջազգային պայմանագրերի խախտումներ, հատկապես քաղաքական ազատությունների ոլորտում»։
2023 թվականի նոյեմբերից 2024 թվականի ընթացքում շարունակվել է անկախ լրատվամիջոցների լրագրողների ձերբակալությունների ալիքը։ Abzas Media և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչները ենթարկվել են քրեական հետապնդումների։ Իրավապաշտպաններ Անար Մամեդլիի և Ռուֆաթ Սաֆարովի ձերբակալությունները նպատակ ունեին վերացնել անկախ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունները։
Քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը նույնպես մնում է ծանր։ Շատ դեպքերում 6 հոգու համար նախատեսված խցերում պահվում է մինչև 27 անձ։ Գերբնակվածությունը, ցածր հիգիենան և բժշկական օգնության բացակայությունը հանգեցնում են կալանավորների առողջական վիճակի վատթարացման։
Human Rights Watch միջազգային կազմակերպությունն իր 2024 թվականի զեկույցում ընդգծել է Ադրբեջանում ռեպրեսիաների աճը՝ նշելով, որ դա հատկապես ակնհայտ է դարձել Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովի ընթացքում։ Միջոցառման համաշխարհային ուշադրության ֆոնին ընդդիմության և անկախ մամուլի դեմ ռեպրեսիաները սաստկացել են։
Իրավապաշտպանները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին վերացնել մարդու իրավունքների խախտումները և ապահովել միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարումը։