Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հուսով է, որ Եղիշե Հակոբյանի ցուցմունքը կնպաստի հրդեհի հանգամանքների ամբողջական բացահայտմանը։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
«Այսօրվա դատական նիստը բավականին լարված էր և տեղեկատվական առումով կարևոր»,– ասել է նա, հայտնում է «Առավոտը»։
Նա հայտնել է, որ մեղադրյալ Եղիշե Հակոբյանը ցանկություն է հայտնել փակ հանդիպում ունենալ իր հետ, և դատարանը բավարարել է այդ միջնորդությունը։
«Հույս ունեմ, որ Եղիշե Հակոբյանը գործի իրական հանգամանքների վերաբերյալ կտա հանգամանալից տեղեկատվություն, և ի վերջո լույս կսփռվի այս ոճրագործության վրա, և մենք ձեզ հետ միասին կիմանանք, թե ինչ է եղել իրականում»,– նշել է Նորիկյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին հանդիպում կկազմակերպվի Եղիշե Հակոբյանի հետ։
Փաստաբանը նաև անդրադարձել է նիստի մյուս մանրամասներին՝ ընդգծելով, որ հարցաքննվել է ՀՀ Զինված ուժերի հակահրդեհային անվտանգության ծառայության նախկին պետը։ Վերջինս ներկայացրել է ընդգրկուն տեղեկատվություն՝ կապված դեպքի հանգամանքներին նախորդած ժամանակահատվածի հետ։
Պարզվել է, որ նույն զորամասում ողբերգությունից ընդամենը երկու ամիս առաջ՝ 2022 թվականի հոկտեմբերի 28-ին, մարտական դիրքում կրկին բենզինի միջոցով վառարանը վառելու հետևանքով հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով որոշ զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։
Նորիկյանի խոսքով՝ իր հարցադրումները հիմնականում ուղղված էին այն բանին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել 2022 թվականի հոկտեմբերի 28-ի միջադեպից հետո մինչև 2023 թվականի հունվարի 19-ի ողբերգությունը։
«Ես խորապես համոզված եմ, որ եթե ձեռնարկված լինեին լրջագույն կանխարգելիչ միջոցառումներ, եթե անձնակազմին հրահանգավորեին, եթե պատասխանատուներին պատասխանատվության ենթարկած լինեին, եթե իրականացնեին համապատասխան մասնագիտական և հակահրդեհային գործընթացներ, հնարավոր էր, որ մենք այս ողբերգությունից խուսափած լինեինք»,– ընդգծել է Նորիկյանը։
2023-ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել էր, որոնցից մեկը սպա։ Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։