Փաշինյան․ Հայ կմնա նա, ով ՀՀ–ն կհամարի իր հայրենիքը![]() 25 հունվարի 2025 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով սփյուռքի վերաբերյալ հարցին, ասել է որ հայ կմնա նա, ով Հայաստանի Հանրապետությունը կհամարի իր հայրենիքը: «Իրական Հայաստանի տեսանկյունից սփյուռքահայը հայ ազգի մասն է: Հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան ՀՀ–ում, և հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան Հայաստանից դուրս: Իմ ընկալմամբ՝ նրանք, ովքեր էթնիկ հայ են, սակայն չունեն Հայաստանի քաղաքացիություն, սփյուռք են»,–ասել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա նկատել է, որ 21–րդ դարում մարդը կարող է 2 ամիս ապրել, օրինակ, Շվեյցարիայում, 3 ամիս՝ ԱՄՆ–ում, 3 ամիս՝ Հայաստանում, և այսպես շարունակ: Ըստ Փաշինյանի՝ միջնաժակետում ազգությունն ու քաղաքացիությունն ավելի շատ են իրար հետ կապվելու: Վարչապետն ընդգծել է՝ շատ է խոսվում Հայաստանից արտագաղթի մասին, սակայն չի խոսվում սփյուռքից «արտագաղթի» մասին: «Սփյուռքից ավելի մեծ «արտագաղթ» կա ու միշտ եղել է, քան ՀՀ–ից: Սփյուռքից «արտագաղթն» այն է, երբ մարդը, լինելով ծագումով հայ, հայերեն չի խոսում, չի կարդում, հայկական ավանդույթով չի ապրում, մի X պահի թեկուզ ազգանունը պահում է, սակայն ինքն իրեն չի ասոցացնում հայ ազգի հետ. դա արտագաղթ է: ՀՀ–ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի եղել, քան հենց այսօր այդ «արտագաղթը» կա սփյուռքից»,–ասել է Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է, որ նախկինում սփյուռքի 90 տոկոսը կապված էր ազգային կազմակերպությունների՝ կուսակցությունների, Հայ առաքելական եկեղեցու կամ այլ կառույցների հետ։ «Այսօր սփյուռքի 90 տոկոսն այդ կազմակերպություններից որևէ մեկի հետ կապված չէ: Ես հետազոտություն չեմ արել, կարող է լինել 80 տոկոսը: Բայց մոտավոր պատկերացումը սա է: Մենք այսօր սփյուռքը կորցնում ենք: Եվ սփյուռքը փրկելու միակ տարբերակը Հայաստանի Հանրապետությունն է և մարդու ասոցացումը Հայաստանի Հանրապետության հետ՝ որպես հայրենիքի, հակառակ դեպքում՝ մենք սփյուռք չենք ունենա»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը եզրափակել է՝ սփյուռքը և հայությունը կպահպանվի միայն այն դեպքում, երբ մարդիկ ՀՀ–ն կհամարեն իրենց հայրենիքը։ Հանդիպման ընթացքում նա անդրադարձել է ներկաների կողմից բարձրացված մի շարք հարցերի՝ ներկայացնելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |