Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հայտարարել է, որ Հայաստանի կազմակերպությունների մասնակցությունը «Էրազմուս+» ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին ընթանում է բնականոն ընթացքով։
Միևնույն ժամանակ նշվում է, որ նախարարությունը «Էրազմուս+» ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը՝ նոր գրասենյակ կձևավորվի։
«Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Էրազմուս+» ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը և նախաձեռնել է «Էրազմուս+» ազգային գրասենյակի ձևավորման բաց, թափանցիկ և մրցակցային գործընթաց։
«Էրազմուս+» նոր գրասենյակի աշխատանքներն ապահովող կառույցի համաձայնեցման գործընթացն այժմ ընթացքում է, և նոր գրասենյակը կսկսի իր գործունեությունն ընտրության գործընթացի ամփոփումից հետո, որն առաջիկայում կհայտարարվի»,- նշված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Նախարարությունը շեշտել է, որ նոր ազգային գրասենյակի ձևավորման գործընթացը նպատակ ունի ապահովել թափանցիկություն և մրցակցային մոտեցում՝ նպաստելով Հայաստանի հետագա մասնակցությանը «Էրազմուս+» կրթական ծրագրերում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարվա հունվարի 1-ից դադարեցրել է Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի գործունեությունը։ Նախարարությունը ներկայացրել է մի շարք պատճառներ, որոնք հիմնավորում են գրասենյակի փակման որոշումը․ «Էրազմուս+» նախագծերը, հիմնականում, ծառայել են միայն եվրոպական համալսարաններ գործուղումներին՝ ունենալով զբոսաշրջային բնույթ, նշված նախագծերը չեն ապահովել որևէ էական ազդեցություն Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վրա, նախագծերի թեմաները չեն արտացոլել երկրի բարձրագույն կրթության զարգացման առաջնահերթությունները»։