Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 7-րդ անգամ վերընտրվել է պաշտոնում՝ այդ են վկայում հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները։
Նրա օգտին քվեարկել է ընտրողների 86.82%-ը։ Բոլոր թեկնածուներին դեմ քվեարկել է ընտրողների 3.6%-ը։ Ընտրություններին մասնակցել է 85.7%-ը, գրում է «Կոմերսանտը»։
Ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 26-ին։ Ընտրական գործընթացն անցել է առանց արևմտյան դիտորդների մասնակցության, և արտասահմանում ընտրատեղամասեր չեն բացվել։
Եվրամիությունը հայտարարել է, որ չի համարում ընտրություններն ազատ և ժողովրդավարական և մտադիր է շարունակել պատժամիջոցային ճնշման քաղաքականությունը Մինսկի նկատմամբ։
Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Օլեգ Գայդուկևիչը ստացել է ձայների 2.02%-ը։ Ձեռներեց Աննա Կանոպացկայան ստացել է 1.86%, Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը՝ 3.21%, իսկ Աշխատանքի և արդարադատության հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը՝ 1.74%։
Քվեարկությունից հետո կայացած մամուլի ասուլիսում Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր չէ փնտրել իր իրավահաջորդին։ Այնուամենայնիվ, նշել է, որ երկրի ապագա ղեկավարության կադրային ռեզերվը արդեն ձևավորված է։