Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունն իրենից նեղացած է ժամանակին Ադրբեջանին աջակցելու համար՝ նշելով, որ ինքը միշտ սատարել է «սթափ դատողությանը»։
«Նրանք ինձնից վիրավորված են, քանի որ ես Ադրբեջանին եմ աջակցել։ Քավ լիցի, ես միշտ սատարել եմ ողջախոհությունը, ես կողմ եմ եղել, որ պատերազմ չլինի, որ իրար հետ չկռվենք»,- ասել նա։
Նա հայտարարել է, թե այն ժամանակ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը «պրագմատիկ դիրքորոշում» ուներ՝ հավելելով, թե ինքն անկեղծ խոսել է դրա մասին։
Լուկաշենկոն ասել է, թե իրեն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զարմացրել էր վարչապետ Փաշինյանի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին։
«Ես և Պուտինը ապշած էինք, երբ Փաշինյանը հայտարարեց, թե Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են։ Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսեցի՞ր ինչ է ասել: Նա պատասխանեց, թե լսել է, բայց ո՞վ էր նրա լեզվից քաշում, որ նման բան ասի: Ես հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, ընդհանրապես չեմ միջամտել, զարմացած եմ», - ասել է Լուկաշենկոն։
Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել էր գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Նա ասել է, որ ոչ ինքը, ոչ էլ որևէ հայ պաշտոնյա Բելառուս չի գնա, քանի դեռ այդ երկրում Ալեքսանդր Լուկաշենկոն է նախագահում։