27 հունվարի 2025 - 14:02 AMT
Բաքվում շարունակվում է հայերի շինծու դատավարությունը

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը, որի ընթացքում նրանց ծանր և շինժու մեղադրանքներ են ներկայացվել։

Նիստի ընթացքում քննարկվելու է նրանց կալանքը խափանման այլ միջոցով՝տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը։

Հունվարի 27–ին շարունակվում է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը, որի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով։

Նշվում է, թե հունվարի 17–ին տեղի ունեցած նախնական նիստում ճշտվել են նրա անձնագրային տվյալները, նա ապահովվել է դատապաշտպանով և ռուսերենի թարգմանիչ ունի, գրում է APA-ն։

Նշվում է նաև, որ դատարանը բավարարել էր միջնորդությունը և 10 օր էր տվել գործի նյութերին ծանոթանալու համար։

ՎարչապետՆիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ Բաքուն ժխտում է այդ մեղադրանքները։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։