Իշխանություններին հաջողվել է տրանսպորտային համակարգից ամբողջությամբ վերացնել կանխիկ շրջանառությունը։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է Տիգրան Ավինյանը։
«Կանխիկ շրջանառությունը վերացնելիս բախվել ենք բազում խնդիրների։ Արդյունքում պարզվել է, որ այս գործընթացը շատերի համար դժվար է ընկալվել, քանի որ, կներեք արտահայտությանս համար, կանխիկ դրամի շրջանառությունը տրանսպորտային համակարգի համար նման է թմրամիջոցի», – ընդգծել է Ավինյանը՝ միաժամանակ քննադատելով ընդդիմության առաջարկները, հայտնում է ՍիվիլՆեթը։
«Նրանք ցանկանում են կոպեկը վերադարձնել շրջանառության մեջ, այսինքն՝ համակարգը հետ տանել։ Սակայն այդ կոպեկը տեղ չի հասնում ու չի ծառայում տրանսպորտային համակարգին», – հավելել է քաղաքապետը։
«Մայր Հայաստան» խմբակցությունն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմը բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ։ Նրանք առաջարկում են նոր սակագնային փաթեթները պահպանելու հետ միասին հնարավորություն տալ ուղևորներին նաև մեկ ուղղության համար վճարել 100 դրամ։