27 հունվարի 2025 - 15:56 AMT
Հունգարիան արգելափակել է ԵՄ համատեղ հայտարարությունը Բելառուսի ընտրությունների վերաբերյալ

Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են Եվրամիության երկրների համատեղ հայտարարությունը, որով նախատեսվում էր մերժել Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները։ Այդ մասին հայտնել են «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի աղբյուրները։

Քանի որ հայտարարության համար անհրաժեշտ էր ԵՄ բոլոր 27 երկրների ներկայացուցիչների ստորագրությունը, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը հանդես է եկել առանձին հայտարարությամբ։ Նա նշել է, որ հունվարի 26-ին Բելառուսում անցկացված ընտրություններն ազատ և արդար չէին։ Կալասը նաև Բելառուսի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Կալասը հավելել է, որ ԵԱՀԿ անկախ դիտորդներին հնարավորություն չի տրվել հետևել ընտրական գործընթացի առանցքային փուլերին՝ ընդգծելով. «Սա հերթական վկայությունն է այս ընտրությունների նկատմամբ վստահության իսպառ բացակայության մասին»։

Նա նշել է նաև, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի համատեքստում Բելառուսի վարչակարգի ներգրավվածության պատճառով ԵՄ-ն կշարունակի սահմանափակումներ և պատժամիջոցներ կիրառել ռեժիմի դեմ։ Բացի այդ, ապահովվելու է ֆինանսական աջակցություն քաղաքացիական հասարակությանը, վտարանդի բելառուսական ժողովրդավարական ուժերին և բելառուսական մշակույթին։

Ավելի վաղ Հունգարիան չէր ստորագրել ԵՄ 27 երկրների անունից ներկայացված հայտարարության նախագիծը, որը նախատեսում էր որակել Բելառուսի նախագահական ընտրությունները որպես «ոչ ժողովրդավարական»։ Սակայն Հունգարիան միակը չէր, որ դեմ էր նախագծին. Սլովակիան ևս սկզբում հրաժարվել էր ստորագրել։ Հետագայում Սլովակիայի ներկայացուցիչները համաձայնել են ստորագրել փաստաթուղթը, սակայն Հունգարիան շարունակում է հրաժարվել։