27 հունվարի 2025 - 16:13 AMT
Գավառի մանկատան սաները կտեղափոխվեն «ՍՕՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի տներ

Գավառի մանկատան երեխաները պատրաստվում են տեղափոխվել «ՍՕՍ-մանկական գյուղեր Հայաստան» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, որտեղ նրանց սպասվում է ընտանեկան միջավայրին մոտ կյանք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը և կազմակերպության Կոտայքի մասնաճյուղի տնօրեն Ռուբիկ Փաշինյանը երեխաների հետ միասին շրջել են կենտրոնում՝ ծանոթանալով առկա պայմաններին և մատուցվող ծառայություններին։

Հանդիպման ընթացքում երեխաները հնարավորություն են ունեցել ուղղել իրենց հուզող հարցերը և ստանալ պատասխաններ, հայտնում է1lurer.am –ը։

Հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպության պատմությունն ու մատուցվող խնամքի ձևերը՝ ընդգծելով, որ այստեղ երեխաները կապրեն ընտանեկան մոդելով առանձնացված տներում, որտեղ յուրաքանչյուր խմբում կլինի առավելագույնը 6 անձ։ Այս խնամքի ձևը նախատեսված է երեխաներին ընտանիքի մթնոլորտին առավելագույնս մոտեցնելու համար։ Երեխաները կգտնվեն «ՍՕՍ ընտանիքներ»-ում կամ «ՍՕՍ մայրեր»-ի խնամքի ներքո՝ մինչև 18 տարեկանը լրանալը։ Այնուհետև հիմնադրամը կաջակցի նրանց անցում կատարել դեպի անկախ բնակություն՝ հատուկ ուղեկցման ծրագրերի օգնությամբ։

«ՍՕՍ-մանկական գյուղեր Հայաստան» հիմնադրամը տրամադրում է այլընտրանքային խնամքի մի շարք ծառայություններ, այդ թվում՝ ընտանեկան տիպի խնամք, երկարաժամկետ և ճգնաժամային խնամք, խնամք ինտեգրված կամ խնամատար ընտանիքներում, ինչպես նաև անկախ բնակության ուղեկցում։ Խնամքի յուրաքանչյուր ծրագիր կազմվում է անհատական մոտեցմամբ՝ երեխայի կարիքներն ու զարգացման հնարավորությունները հաշվի առնելով։

Երեխաները նաև հնարավորություն կունենան հաճախելու համայնքային դպրոցներ, օգտվելու առողջապահական ծառայություններից և համայնքային ռեսուրսներից։ Անհրաժեշտության դեպքում նրանք կստանան հոգեբանի, լոգոպեդի կամ հատուկ մանկավարժի աջակցություն։ Կրթական դժվարություններ ունեցող երեխաների հետ լրացուցիչ կաշխատեն մանկավարժներ։

Երեխաների համար պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ, որոնք ուղղված են նրանց իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության և մասնագիտական կողմնորոշման հարցերին։ Ամառային արձակուրդներին երեխաների համար նախատեսվում են հանգստի ծրագրեր։