27 հունվարի 2025 - 17:40 AMT
Կասկադում նախատեսվում է կառուցել նոր համերգասրահ և թանգարան

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է Կասկադ համալիրի անավարտ հատվածի կառուցման գործընթացը՝ «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի շրջանակում, արդեն հայտարարվել է նախագծի իրականացման մրցույթ։

Նախագծի ընթացքում նախատեսվում է վերակառուցել Կասկադի վերին հատվածը՝ ներդրումների ներգրավմամբ։ Այդ հատվածում նախատեսված է ներդրողին փոխանցել հողատարածք, որպեսզի այնտեղ կառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր, հայտնում է ՍիվիլՆեթը։

Նախատեսվում է, որ կապահովվի մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ: Աշխատանքների ավարտից հետո, ի թիվս այլ բաների, կստեղծվեն համայնքի սեփականություն հանդիսացող համերգասրահ և ժամանակակից արվեստի նոր թանգարան մոտ 1000 հոգու համար նախատեսված։

Քաղաքաշինական ծրագրի ավարտին Կասկադի 30,558 քմ մակերեսով անավարտ հատվածը պետք է ամբողջությամբ կառուցվի համայնքի համար։ Էսքիզում ներառված բոլոր գույքային միավորները նույնպես համայնքի սեփականություն կդառնան։

Բացի այդ, քաղաքապետարանը նախատեսում է օտարել մոտ 7 հա համայնքային հողատարածք ներդրողի համար՝ բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցման նպատակով։ Միաժամանակ, Երևանի համայնքը կսկսի գործընթաց՝ տարածքում առկա մասնավոր գույքերի նկատմամբ գերակա շահ ճանաչելու համար։

Երևանի «Հյուսիս-հարավ» առանցքի թամանյանական հորինվածքը 1970-ականներին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի շնորհիվ կերպար ստացավ: Նախագծով Կենտրոնը պետք է կապվեր Արաբկիրին ու Զեյթունին՝ միաժամանակ «Կասկադ» համալիրը վերածելով կրթամշակութային յուրահատուկ կենտրոնի: 1988թ. երկրաշարժից հետո նախագիծը կասեցվեց։

1990-ականներին «Կասկադում» որևէ աշխատանք չարվեց: Համալիրի վերականգնման համար 2002-ին պայմանավորվածություն ձեռք բերվեց բարերար Ջերարդ Գաֆէսճեանի հետ: 2009-ին բարեկարգումն ավարտվեց, բացվեց արվեստի կենտրոնը, սակայն «Կասկադն» անավարտ է: