27 հունվարի 2025 - 18:31 AMT
Երևանում նշել են Մեծ հայրենականում շրջափակված Լենինգրադի ազատագրման տարեդարձը

Երևանի Վահագն Դավթյանի այգում, պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի հարակից տարածքում, նշվել է քաղաքի ֆաշիստական շրջափակումից ազատագրման 81-րդ տարեդարձը։ Հուշարձանի մոտ դրվել են ծաղիկներ և ծաղկեպսակներ՝ ի հիշատակ ողբերգական իրադարձությունների զոհերի։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր ելույթում նշել է, որ ավանդույթի համաձայն Երևանում նշվում է Լենինգրադի ազատագրման և ծանր բլոկադայի հերթական տարեդարձը, գրում է Արմենպրեսը։

«Բոլորս գիտենք լենինգրադցիների մեծագույն հերոսության, տառապանքների և հոգու արիության մասին, որոնց շնորհիվ պաշարված Լենինգրադի բնակիչները՝ զինվորականներն ու խաղաղ բնակիչները, կարողացան վերապրել ահավոր փորձությունը, սովը, ռմբակոծություններն ու դիմանալ այդ ամենին։ Դա օրինակ է, որը ոգեշնչել է, ոգեշնչում է և դեռ ապագայում էլ կոգեշնչի գալիք սերունդներին։ Դա անսահման տոկունության և հայրենասիրության օրինակ է»,- ասել է Կոպիրկինը։

Նա ընդգծել է, որ ամեն տարի բլոկադայի ենթարկված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ անցկացվում է միջոցառում, որը խորհրդանշում է հայ-ռուսական հարաբերություններին բնորոշ որակները։

«Հատկապես եղբայրությունը, փոխօգնությունը, փոխաջակցությունն ու հոգևոր-մշակութային արժեքներն այն գործոններն են, որոնք մեզ միշտ միավորել են և թույլ տվել Խորհրդային Միության բոլոր ժողովուրդներին հաղթել ահավոր պատերազմում։ Այդ գործոնները թույլ են տալիս նաև հաղթահարել այն փորձություններն ու մարտահրավերները, որոնք մեզ բերում է ժամանակակից բարդ աշխարհը։ Այս հուշարձանը Երևանի քաղաքապետի և Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի համատեղ նախաձեռնությամբ բացվել է տասը տարի առաջ, ինչը նույնպես խորհրդանշական տարեդարձ է։ Ամեն տարի գալիս ենք այստեղ և հարգանքի տուրք մատուցում հումանիզմի ու մարդասիրության մեծագույն դրսևորմանը, որ ցուցաբերել է հայ ժողովուրդը բլոկադայի ենթարկված Լենինգրադի երեխաներին»,- նշել է դեսպանը։

Կոպիրկինը վստահեցրել է, որ ռուս ժողովուրդը երբեք չի մոռանա այդ աջակցության մասին։ Նրա խոսքով՝ ընթացիկ տարին լինելու է բացառիկ, քանի որ այս միջոցառումը հանդիսանում է մի շարք նախաձեռնությունների մեկնարկ, որոնք նվիրված են Հայրենական Մեծ պատերազմում և Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանին։ Նա նաև հույս է հայտնել, որ ՀՀ իշխանություններն ակտիվորեն կմասնակցեն այդ միջոցառումներին։

«Ցավոք, այսօր սրությամբ դրված է պատմական հիշողության պահպանության հարցը, որի հանդեպ տեղի են ունենում ոտնձգություններ տարբեր կողմերից։ Դրանք կապված են կոնյուկտուրային, նեղ անձնական շահերի հետ, որոնք, ցավոք, բավականին ուժեղ են ժամանակակից աշխարհում։ Այսօր փորձ է արվում ոչ միայն կեղծել պատմությունը, այլև այն խլել մեզանից, հետևաբար մեր ժողովուրդների բարոյական խնդիրն է պաշտպանել ճշմարտությունը։ Ներկա միջոցառումը դրա լավագույն առհավատչյան է»,- ասել է Կոպիրկինը։

«Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ղեկավար Վադիմ Ֆիֆիլովն ընթերցել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի ուղերձը, որը հասցեագրված էր Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, բլոկադայի ենթարկված Լենինգրադի պաշտպանությանը մասնակցած անձանց և այն բնակիչներին, որոնք ներկայումս ապրում են արտերկրում։

Միջոցառումն ավարտվել է Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների կողմից անցկացված ծիսակարգով, որը նվիրված էր Լենինգրադի բլոկադայի նահատակների հիշատակին։