29 հունվարի 2025 - 14:44 AMT
Թրամփը դադարեցրել է դաշնային ֆինանսավորումն անչափահասների սեռափոխության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է դաշնային միջոցների օգտագործումն անչափահասների սեռափոխության համար։ Նա այս քայլը բնութագրել է որպես անհրաժեշտ միջոց՝ դադարեցնելու այն, ինչ անվանել է «վտանգավոր միտում»։

Հրամանում նման միջամտությունները նկարագրվում են որպես «քիմիական և վիրաբուժական խեղում» և արգելվում է կառավարության հովանավորությունը այս անչափահասների համար բժշկական միջմտությունների համար։

«Միացյալ Նահանգների քաղաքականությունն այն է, որ այն չի ֆինանսավորի, հովանավորի, խթանի, օգնի կամ սատարի երեխայի այսպես կոչված «անցումը» մեկ սեռից մյուսը և կխստացնի բոլոր այն օրենքների կիրառումը, որոնք արգելում կամ սահմանափակում են այս կործանարար և կյանքը փոխող ընթացակարգերը», նշված է հրամանագրում։

Չնայած հրամանը չի տարածվում մասնավոր բժշկական հաստատությունների վրա, այն արգելում է դաշնային ֆինանսավորում ստացող բժշկական հաստատություններին, ներառյալ կրթական հաստատությունների դրամաշնորհները, իրականացնել գենդերային հաստատման նպատակով նախատեսված միջամտություններ անչափահասների դեպքում։ Բացի այդ, դաշնային առողջապահական ծրագրերը, ինչպիսիք են Medicare-ն ու Medicaid-ը, ինչպես նաև կառավարության տրամադրած ապահովագրական ծառայությունները, այլևս չեն փոխհատուցի այս բուժումները։

Արգելքը տարածվում է նաև Պաշտպանության դեպարտամենտի առողջապահական ծրագիր TRICARE-ի վրա՝ արգելելով անչափահասների համար սեռափոխության ծառայությունները։

Հրամանով «երեխա» է համարվում մինչև 19 տարեկան անձը, իսկ արգելքը ներառում է թե՛ վիրահատական միջամտությունները, թե՛ հորմոնային բուժումները, այդ թվում՝ «անդրոգենային բլոկատորները, էստրոգենը, պրոգեստերոնը կամ տեստոստերոնը»։

Հրամանն ընդգծում է, որ այսպիսի միջամտությունները կարող են անուղղելի վնաս հասցնել՝ հանգեցնելով անպտղության և առողջական բարդությունների։

Հրամանը հանձնարարում է Առողջապահության և սոցիալական ծառայությունների քարտուղարին 90 օրվա ընթացքում ներկայացնել ծրագիր՝ «գենդերային դիսֆորիա» ունեցող անչափահասների առողջությունը խթանելու համար։ Միևնույն ժամանակ, գլխավոր դատախազին հանձնարարվել է ուսումնասիրել հնարավոր խարդախության, սպառողների մոլորեցման և սննդամթերքի, դեղորայքի և կոսմետիկայի մասին օրենքի խախտման դեպքերը։

Բացի այդ, հրամանագիրը պահանջում է վերահսկողություն սահմանել այն նահանգների նկատմամբ, որոնք ծնողներից երեխաներին խլում են, եթե նրանք չեն աջակցում իրենց զավակների սեռափոխությանը։

Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում խոստացել էր կիրառել այս սահմանափակումները՝ նշելով, որ կդադարեցնի ցանկացած դաշնային ծրագիր, որը խթանում է սեռի փոփոխությունը։ Նա նաև հայտարարել էր, որ կաշխատի Կոնգրեսի հետ՝ այսպիսի բուժումների համար հարկատուների միջոցների օգտագործումն ընդմիշտ արգելելու ուղղությամբ։

Photo. AP