ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն արձագանքել է ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնի հայտարարությանը, ըստ որի՝ ԱՄՆ նախորդ վարչակազմը, ենթադրաբար, «փորձել է վերացնել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Վոլոդինը դա որակել է որպես ուղիղ քայլ դեպի միջուկային պատերազմի սկիզբ, գրում է «Կոմերսանտը»։
Իր խոսքում Պետդումայի խոսնակը հիշեցրել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ վերջերս կատարված մահափորձը, ինչպես նաև երկու հարձակումները՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա։ Բացի այդ, նա անդրադարձել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի դեմ կանխված մահափորձին։ Վոլոդինը եզրակացրել է, որ Պուտինի դեմ մահափորձի քննարկումները պետք է ընդունել ամենայն լրջությամբ, քանի որ դրանք «միևնույն շղթայի օղակներ են»։
«Թաքեր Քարլսոնի հնչեցրած պնդումները պետք է մանրակրկիտ քննության ենթարկվեն, իսկ Բայդենն ու Բլինքենը՝ պատասխանատվության կանչվեն։ Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ Ռուսաստանի Դաշնության դեմ ծայրահեղ դաժան պայքար է տարվում»,– գրել է Վոլոդինը Telegram-ում։
Նա նաև ընդգծել է, որ Ջո Բայդենն ու Էնթոնի Բլինքենը դեռ չեն հերքել Քարլսոնի արած հայտարարությունները։
Օրեր առաջ Թաքեր Քարլսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը Ջո Բայդենի գլխավորությամբ ձգտում էր «արագացնել պատերազմը» Ռուսաստանի հետ։ Ըստ լրագրողի՝ Վաշինգտոնը փորձել է վերացնել Վլադիմիր Պուտինին։ Սակայն նա որևէ ապացույց կամ մանրամասներ չէր ներկայացրել։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ պետության ղեկավարի անվտանգության մակարդակը պատշաճ մակարդակով է ապահովվում։