ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր Սիմոնյանը բալթյան երկրների խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա։
Նա նշել է, որ այդ լուրերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։
«Ժողովուրդ» օրաթերթում հրապարկված ու մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր Ալեն Սիմոնյանը բալթյան երկրների խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեզ և բալթյան երկրների համար լավ լինի, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
Վերոնշյալ հանդիպման և ամբողջ համաժողովի քննարկումներն ուղղված են եղել տարածաշրջանում ընթացող գործընթացներին ու Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։
ՀՀ ԱԺ նախագահը նման հայտարարություն որևէ հանդիպման ժամանակ չի արել, բոլոր հանդիպումների օրակարգը հրապարակային է, իսկ հանդիպումներն էլ` տեսագրված։
Այս պահին դիտարկում ենք իրավական ճանապարհով այդ կեղծիքը հերքելու տարբերակը»,–ասվում է գրառման մեջ։