Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նոր բանաձևով Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Բաքվում պահվող Արցախի ղեկավարությանն ու մյուս ռազմագերիներին։
Վեհաժողովը մտահոգություն է հայտնել մի շարք պետություններում, այդ թվում՝ Ադրբեջանում և Վրաստանում, ժողովրդավարական կառավարման խնդիրների ու մարդու իրավունքների խախտումների առնչությամբ, հայտնում է Factor.am-ը։
«Վեհաժողովը, հղում անելով իր 2517 (2023) բանաձևին, «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին» 2260 (2023) հանձնարարականին և պարտավորությունների կատարման մասին 2560 (2024 թ.) բանաձևին, շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղի ձերբակալված ներկայացուցիչների և ներկայում Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակին՝ կրկնելով իր կոչը Ադրբեջանին՝ ազատ արձակել այդ մարդկանց»,–ասվում է բանաձևում։
Ադրբեջանին վերաբերող հատվածում ԵԽԽՎ-ն խորը մտահոգություն է հայտնել երկրում ժողովրդավարության և օրենքի գերակայության հետագա վատթարացման կապակցությամբ։ Վեհաժողովը մտահոգված է նաև ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների և կառավարության քննադատների նկատմամբ կիրառվող ճնշումներով։ Բանաձևով կոչ է արվել Ադրբեջանին դադարեցնել նման հետապնդումները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր պահվում են քաղաքական դրդապատճառներով։ Դրանում ընդգծվել է նաև «Քաղաքական կուսակցությունների մասին» և «Լրատվամիջոցների մասին» օրենքների վերանայման անհրաժեշտությունը՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին համապատասխան։
Բացի այդ, ԵԽԽՎ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների հրաժարումը համագործակցել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) հետ՝ կոչ անելով վերականգնել այդ համագործակցությունը։ Բանաձևում ափսոսանք է հայտնվել նաև 2024 թվականի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության բացակայության առնչությամբ՝ ընդգծելով, որ միջազգային դիտորդների գնահատմամբ, ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին և անցել են հիմնարար ազատությունների սահմանափակման պայմաններում։
ԵԽԽՎ-ն խիստ քննադատության է ենթարկել նաև այն փաստը, որ 2024 թվականի օգոստոսի 26-ին Ադրբեջանի արտգործնախարարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել ԵԽԽՎ 76 անդամների, ովքեր կողմ են քվեարկել 2527 (2024) բանաձևին, որը վերաբերել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցմանը։ Փաստաթղթում պահանջ է ներկայացվել այդ արգելքի անհապաղ չեղարկման և Եվրոպայի խորհրդի մարմինների հետ կառուցողական երկխոսություն սկսելու վերաբերյալ։
Հայաստանին վերաբերող բաժնում, վկայակոչելով 2560 (2024) բանաձևը, ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել Երևանի հաստատակամությունը ժողովրդավարական զարգացման գործում՝ չնայած առկա անվտանգային մարտահրավերներին։ Փաստաթղթում կարևորվել է նաև Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շրջանակում իրականացված ներառական և թափանցիկ օրենսդրական գործընթացը՝ շեշտելով, որ ժողովրդավարական ընտրությունների անցկացման նպատակն առավելապես իրագործվել է։ Միաժամանակ, ափսոսանք է արտահայտվել այն հանգամանքի վերաբերյալ, որ քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ խիստ բևեռացված։ Վեհաժողովը կոչ է արել շահագրգիռ կողմերին բարելավել երկխոսությունը խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև, ինչպես նաև շարունակել բարեփոխումները դատական համակարգում, մամուլի ազատության և խոսքի իրավունքի ոլորտներում։