29 հունվարի 2025 - 16:59 AMT
Նախագիծ․ Մարզային բուժկենտրոնների կառավարումը կփոխանցվի առողջապահության նախարարությանը

Նախատեսվում է մարզային առողջապահական կազմակերպությունների կառավարումը փոխանցել առողջապահության նախարարությանը` որպես առողջապահության ոլորտի լիազոր մարմնի։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի և նախագծերի միասնական կայքում։

Նշվում է, որ դա անհրաժեշտ է մարզային առողջապահական կազմակերպությունների արդյունավետ կառավարման, ֆինանսական գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օպտիմալացման գործընթացի պատշաճ ապահովման համար։

Հիմնավորման մեջ նշվում է, որ առողջապահական կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունների արդյունքում, արձանագրվել է, որ բացակայում են առողջապահական կազմակերպությունների ընթացիկ կառավարման, այդ թվում ֆինանսական կառավարման հմտությունները, նախահաշիվները չեն արտացոլում վերջիններիս ծախսերի և եկամուտների եռամսյակային ցուցանիշները, բացակայում են առողջապահական կազմակերպությունների կողմից վճարովի բժշկական ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանությունները։

Նշվում է նաև, որ աշխատավարձերը կազմում են բուժհաստատությունների ընդհանուր ծախսերի 73-89 տոկոսը, ինչը սահմանափակում է դեղորայքի, սարքավորումների ու նորարարական լուծումների ներդրման հնարավորությունները։ Միջազգային չափանիշներով՝ այդ ցուցանիշը պետք է կազմի ծախսերի 55 տոկոսը։

Նախատեսվում է մարզպետարաններից հիվանդանոցների կառավարման լիազորությունները փոխանցել առողջապահության նախարարությանը, ինչը թույլ կտա ապահովել ծախսերի առավել արդյունավետ պլանավորում, ֆինանսական հոսքերի վերահսկողություն, ժամանակակից կառավարման մեթոդների ներդրում և բուժսպասարկման որակի բարձրացում։

Ակնկալվող արդյունքները ներառում են՝ մարզային բուժհաստատությունների ֆինանսական կայունության ամրապնդում, ծախսերի օպտիմալացում, վճարովի ծառայությունների մեխանիզմների բարելավում, առողջապահական կառավարման համապատասխանեցում միջազգային փորձին, ռիսկերի արդյունավետ կառավարում և կայուն ֆինանսական պլանավորում։