30 հունվարի 2025 - 10:20 AMT
ԵՄ դիտորդները կմնան ՀՀ–ում ևս 2 տարի․ Կազմն ու թիվը չի փոխվի

Եվրամիության անդամ երկրների դեսպանները Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության երկարաձգմանը, ըստ որի՝ եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանային գոտիներում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Եվրամիությունը չի փոփոխել երկու տարի առաջ տրված մանդատը, որի նպատակն է նպաստել սահմանամերձ և հակամարտությունից տուժած բնակավայրերում միջադեպերի նվազմանը, նվազեցնել բնակչության անվտանգության ռիսկերը և, այդպիսով, աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին հայտնել է «Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։

Որոշման նախագծով դիտորդական խմբի կազմն ու թվաքանակը կմնան անփոփոխ՝ 165 միջազգային և 44 հայաստանցի աշխատակից։

Հայաստանում ԵՄ առաքելության փոխանցմամբ, այս որոշումը պետք է պաշտոնապես հաստատվի նաև Եվրամիության արտգործնախարարների կողմից, սակայն սա միայն ֆորմալ գործընթաց է, քանի որ արդեն իսկ անդամ երկրների դեսպանները արտահայտել են իրենց կառավարությունների դիրքորոշումը՝ աջակցելով նախաձեռնությանը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, դիտորդական առաքելության գործառույթներն ընդգրկում են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ Նախիջևանի հատվածը։

Ավելի վաղ, արձագանքելով Բաքվի քննադատությանը, Եվրամիության արտաքին քաղաքականության գրասենյակը, շեշտել էր, որ դիտորդական առաքելության տեղակայման պահից ի վեր սահմանամերձ գոտում զինված միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է։

«Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել և զեկուցել տեղում՝ հողի վրա Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը և նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին», - ընդգծվում է Եվրամիության արտաքին գործերի գրասենյակի «Ազատությանը» փոխանցված գրավոր մեկնաբանության մեջ։

Առաքելության պաշտոնական կայքում նշվում է, որ նրանց մանդատը վերաբերում է բացառապես Հայաստանի տարածքին՝ «հայ-ադրբեջանական պետական սահմանի ամբողջ երկայնքով, ներառյալ հյուսիսային հատվածը, որտեղ գտնվում են մի քանի ադրբեջանական անկլավներ»։ Անվտանգության նկատառումներից ելնելով և դիտորդական գործունեությունն արդյունավետ կազմակերպելու համար առաքելությունն իր բոլոր գործողությունները համակարգում է Հայաստանի իշխանությունների հետ և նախքան պարեկային խումբ ուղարկելը տեղաշարժի մասին տեղեկացնում է ադրբեջանական կողմին։