30 հունվարի 2025 - 10:40 AMT
Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ–ում․ Ականատես ենք լինում ուժի կիրառման անհանգստացնող նորմալիզացմանը

Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ԵԽԽՎ–ի տարեկան նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը նշել է, որ ականատես ենք լինում ուժի կիրառման անհանգստացնող նորմալիզացմանը, ժողովրդավարական հաստատությունների հետընթացին, ծայրահեղ ազգայնականության և պոպուլիզմի աճին:

Նա նշել է, որ ՀՀ–ն, անվտանգության մտահոգություններից բացի, ամեն օր բախվում է պատմության և մշակութային ինքնության խեղաթյուրման փորձերի:

«Եվրոպայում և իր սահմաններից անդին ճգնաժամային ժամանակներ են մարտահրավերներ, որոնք հիշեցնում են պատմության մութ շրջանները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության և կայունության խթանման նպատակով ձևավորված աշխարհակարգը և միջազգային կառույցները լուրջ ճնշման տակ են, քանի որ պատերազմը վերադարձել է Եվրոպա և դրա սահմաններից դուրս խարխլելով անվտանգության և համագործակցության հիմքերը: Մենք ականատես ենք լինում ուժի կիրառման անհանգստացնող նորմալիզացմանը, ժողովրդավարական հաստատությունների հետընթացին, ծայրահեղ ազգայնականության և պոպուլիզմի աճին` զարգացումներ, որոնք սպառնում են մեր ընդհանուր արժեքներին, որոնք պաշտպանում են խաղաղությունը մեր հասարակություններում:

Այս ճգնաժամին ավելանում են ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածումը, որոնք հաճախ խթանվում են պատմության շահարկմամբ քաղաքական նպատակների համար: Հայաստանը խորապես գիտակցում է այս մարտահրավերները: Մեր անվտանգության մտահոգություններից բացի, մենք ամեն օր բախվում ենք մեր պատմության և մշակութային ինքնության խեղաթյուրման փորձերին: Պատմության շահագործումն ապակառուցողական օրակարգեր առաջ մղելու համար սպառնալիք է այն խաղաղ համակեցությանը, որին բոլորս ձգտում ենք: Անթույլատրելի է ժխտել պատմական իրողությունները կամ կեղծել պատմությունը հարևան երկրների դեմ տարածքային հավակնություններն արդարացնելու նպատակով: Պատմությունը պետք է ծառայի որպես ճշմարտության և փոխըմբռնման հիմք հարթելով հաշտեցման ճանապարհը, այլ ոչ թե որպես գործիք բաժանարար և մոլորեցնող օրակարգեր առաջ տանելու համար:

Մեկ այլ լուրջ խնդիր, որի մասին ցանկանում եմ խոսել, պետության կողմից հովանավորվող պատմության դասագրքերում ատելության խոսքի ներառումն է, որը խթանում է ագրեսիան, անհանդուրժողականությունն ու ռասիզմը: Երբ կրթական ռեսուրսները շահագործվում են կանխակալ պատմություններ ձևավորելու համար, դրանք խարխլում են խաղաղությունը և ամրապնդում վնասակար կարծրատիպերը: Կենսականորեն կարևոր է, որ մենք դիմագրավենք այս վտանգավոր միտումը խթանելով ճշգրիտ, հավասարակշռված պատմության ուսուցանումը, որն աջակցում է բազմազանությունը և մերժում ատելության ու խտրականության բոլոր ձևերը կանխելով էթնիկ զտումները, ատելությամբ դրդված հակամարտությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:

Այս մարտահրավերների բացահայտումն ընդամենը սկիզբն է. մեր պատասխանատվությունն այժմ միասին լուծումներ գտնելն է: Խաղաղության մշակույթ կառուցելը սկսվում է նորարարական, քաղաքացիակենտրոն կրթությամբ, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս քննադատաբար մոտենալ պատմությանը, այլ ոչ թե անխոս ընդունել այն: Սա պահանջում է շարունակական ջանքեր և համագործակցություն` կրթական համակարգեր մշակելու համար, որոնք ամրապնդում են ժողովրդավարությունը և «Միասին ապրելու» գաղափարը: Հայաստանը հավատարիմ է այս առաքելությանը և աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք պատմական ճշմարտությունը բերում են առաջնագիծ»,- նշել է պատգամավորը։