100–ից ավելի մշակութային գործիչհանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով բոյկոտել Երևանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Սամվել Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մշակույթի ոլորտի հայտնի գործիչների հայտարարությունը և նրանց ցուցակը։
Հայտարարությունը ստորագրել են մշակույթի 100-ից ավելիգործիչ, այդ թվում՝ կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, երգիչ Ներսիկ Իսպիրյանը, բեմադրիչ Արթուր Սահակյանը, գրականագետ Կարո Վարդանյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ռեժիսոր Ժիրայր Դադասյանը, դերասան Արսինե Նավասարդյանը, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, երգիչ Արամո (Արամ Գևորգյանը), քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը, երգահան Սասուն Պասկեվիչյանը և ուրիշներ։
«Հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի իշխանությունների որոշումների հետևանքով ՀՀ քաղաքացիների համար սոցիալական լուրջ խնդիրներ են առաջացել։ Կտրուկ աճել է գույքահարկը, կրկնակի բարձրացել է շրջանառության հարկի չափը, մինչև 300 դրամ թանկացնում են Երևանի քաղաքային տրանսպորտը, մայրաքաղաքում ավելացել է աղբահանության վճարը, չնայած դատարանի կայացրած վճռին՝ կարմիր գծերով ավտոկայանատեղիների գները շարունակում են բարձր մնալ, մարդկանց ստիպում են եկամուտներ հայտարարագրել, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է և անընդունելի։ Եթե այս ամենին ավելացնենք այն, որ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկ են և անհասանելի շատ քաղաքացիների համար, ապա սոցիալական ճգնաժամի պատկերը կհստակվի։
Մենք՝ ստորագրյալներս, կոչ ենք անում միասնաբար պայքարել այս հակասոցիալական որոշումների դեմ։ Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է քաղաքային տրանսպորտին։ Պետք է փետրվարի 1-ից բոյկոտել տրանսպորտի թանկացումը՝ չգնելով թանկարժեք փաթեթները և չվճարելով ուղեվարձի գումարը, մինչև այս որոշումը չվերանայվի»,-ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարությունը բաց է նոր միացողների համար։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ փետրվարի 1-ից Երևանում գործելու է նոր ուղևորատոմս, որի արժեքը կկազմի 150 դրամ մեկ ուղևորության համար։ Այն գործելու է 2025 թվականին։ Նա հավելել է, որ հաջորդ տարիներին գինը կարող է բարձրանալ առավելագույնը 10 դրամով՝ յուրաքանչյուր տարվա համար։ Ավելի վաղ Ավինյանը պնդել էր, որ առանց նոր սակագների հնարավոր չէ ապահովել տրանսպորտի կայուն և որակյալ աշխատանքը՝ հավելելով, որ հետքայլ չի լինելու և փետրվարի 1-ից հանրային տրանսպորտը կգործի նոր սակագներով։
«Մայր Հայաստան» խմբակցությունն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմը բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ։ Նրանք առաջարկում են նոր սակագնային փաթեթները պահպանելու հետ միասին հնարավորություն տալ ուղևորներին նաև մեկ ուղղության համար վճարել 100 դրամ։ Մարությանը կոչ է արել փետրվարի 1–ից բոյկոտել ուղեվարձի թանկացումը՝ 100 դրամ վճարել և իջնել։