30 հունվարի 2025 - 11:24 AMT
«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդը նշանակվել է Սիրիայի ժամանակավոր նախագահ

Սիրիացի ապստամբների առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան նշանակվել է Սիրիայի ժամանակավոր նախագահ՝ «անցումային կառավարության» գործունեության ընթացքում: Այս մասին հաղորդում են «Ալ-Արաբիա»-ն և Մերձավոր Արևելքի այլ լրատվամիջոցներ:

Աշ-Շարաան, ով նաև հայտնի է որպես Մոհամմադ ալ-Ջուլանի, ղեկավարում է իսլամիստական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որն ԱՄՆ-ի, մի շարք արևմտյան երկրների և Ռուսաստանի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական և գլխավորել է զինված ապստամբությունը Բաշար Ասադի ռեժիմի դեմ 2024 թվականի նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին: Արդյունքում Ասադի կառավարությունը տապալվել է, Ասադը փախել է Մոսկվա, իսկ աշ-Շարաան դարձել է երկրի փաստացի ղեկավարը, հայտնում է BBC-ն։

Ասադի հեռանալուց հետո աշ-Շարաան հայտարարել է, որ ապստամբության մասնակից բոլոր զինված խմբավորումները պետք է լուծարվեն, իսկ նրանց անդամները պետք է ընդգրկվեն պետական կառույցներում: Բացի այդ, ցրվել են նաև նախկին բանակը և անվտանգության ծառայությունները: Սիրիայի 2012 թվականի սահմանադրությունը չեղարկվել է, իսկ նոր օրենսդրական համակարգը ստեղծելու է անցումային կառավարությունը:

Աշ-Շարաան ընդգծել է, որ «անցումային շրջանի» ավարտից հետո Սիրիայում պետք է ձևավորվի մշտական կառավարություն՝ ընտրությունների միջոցով, սակայն չի հստակեցրել, թե որքան կտևի այդ գործընթացը:

Դեկտեմբերի ընթացքում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը այցելել է Դամասկոս և հանդիպել նոր ղեկավարության հետ: Նա զգուշավոր լավատեսություն է հայտնել երկրի ապագայի վերաբերյալ՝ նշելով. «Կա հույս՝ տեսնելու նոր Սիրիայի սկիզբը»: