30 հունվարի 2025 - 11:33 AMT
Ավինյան․ 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը 203 դրամ է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ տոմսային համակարգը լուծում է 2 հիմնական խնդիր։

«Առաջինը՝ պետք է մարդկանց հարմար և մատչելի լինի, երկրորդը՝ պետք է լուծի ֆինանսական որոշակի հավաքագրում, քանի որ ունենք նոր որակի տրանսպորտ, որի սպասարկումն ավելի թանկ է: Ֆինանսական հավաքագրման խնդիր կա լուծելու, որպեսզի կարողնանք պահպանել և հետագայում կատարելագործել ավտոբուսային պարկը»,- նշել է Ավինյանը։

Նա ասել է, որ 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը 203 դրամ է և շեշտել, որ այն գումարները, որոնք ուղևորները վճարում են տրանսպորտի համար, ուղղվում են դրա սպասարկմանը և արդիականացմանը։

Ավինյանը մանրամասնել է, որ ամսական կտրվածքով մոտ 1․8 մլրդ դրամ է ծախսվում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վրա, իսկ ավտոբուսների հետգնման վճարը կազմում է 378 մլն դրամ։

«Երբ այս թվերի համագումարը բաժանենք նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսվա ուղևորափոխադրումների քանակի վրա, կստանանք 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը՝ 203 դրամ»,- նշել է նա։

Քաղաքապետը կոչ է արել քաղաքացիներին փորձարկել առաջարկվող փաթեթները՝ ընդգծելով, որ դրանք ոչ միայն ֆինանսական տեսանկյունից են շահավետ, այլև օգնում են խնայել ժամանակը։

Նա նաև հայտնել է, որ 2024 թվականին նախատեսվում է մոտ 50 կանգառասրահ կահավորել, ինչպես նաև ներդնել էլեկտրոնային տրանսպորտային չվացուցակ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ փետրվարի 1-ից Երևանում գործելու է նոր ուղևորատոմս, որի արժեքը կկազմի 150 դրամ մեկ ուղևորության համար։ Այն գործելու է 2025 թվականին։ Նա հավելել է, որ հաջորդ տարիներին գինը կարող է բարձրանալ առավելագույնը 10 դրամով՝ յուրաքանչյուր տարվա համար։

100–ից ավելի մշակութային գործիչներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով բոյկոտել Երևանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Սամվել Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մշակույթի ոլորտի հայտնի գործիչների հայտարարությունը և նրանց ցուցակը, որոնց թվում են Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Արամոն և այլոք։