Վրաստանը ցանկություն ունի միջնորդի դերում հանդես գալ տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը ամրապնդելու համար։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։
Նա հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագիրը (հայ-ադրբեջանական-խմբ.) այնպիսի դրույթներով կամփոփվի, որ երկուստեք ընդունելի կլինի։ Ըստ վրաց դիվանագետի` միայն դա կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության համար։ Բոճորիշվիլին ընդգծեց նաև, որ Վրաստանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ, հայտնում է Sputnik Արմենիան։
«Տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը ամրապնդելու համար Վրաստանը ցանկություն ունի միջնորդի դերում հանդես գալու։ Մենք կարտահայտենք մեր պատրաստակամությունը` դյուրացնելու այս խաղաղության գործընթացը, որ ընթանում է մեր հարևան երկրների միջև։ Վրաստանը նվիրված է կայուն խաղաղություն տեսնելու ցանկությանը»,– նշել է Բոճորիշվիլին,
Նա հավելել է, որ Հայաստանն ու Վրաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, այդպես կանեն նաև ապագայում։
Մենք պատրաստ ենք ավելի ինտենսիվացնել մեր ջանքերը` այս տարածաշրջանում երկկողմ ընդունելի նախագծեր հաստատելու համար»,– ասել է Վրաստանի ԱԳ նախարարը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է ոչ միայն հայ–ադրբեջանական, այլ նաև հայ–վրացական սահմանի սահմանազատում իրականացնել։
Մակա Բոճորիշվիլին իր ելույթի ժամանակ նաև Արարատ Միրզոյանին հրավիրել է Վրաստան, հրավերը սիրով ընդունվել է։
Հունվարի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի կժամանի նաև Վրաստանի վարչապետԻրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը։ Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։