ՀԱՊԿ. ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կենսական նշանակություն ունեն տարածաշրջանի համար

ՀԱՊԿ. ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կենսական նշանակություն ունեն տարածաշրջանի համար

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը հայտարարել է, որ լարվածության աճն Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում մնում է աննախադեպ, պահպանվում է անկայունությունը Կովկասի տարածաշրջանում։

Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն ու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը շարունակում են մնալ Հարավային Կովկասում անկայունության վերացման կարևորագույն բաղադրիչներից մեկը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Տարածաշրջանում լարվածության պատճառ են դառնում Արևմտյան երկրների փորձերը՝ ամրապնդելու իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում», — նշել է շտաբի պետը։

Բացի այդ, նա հավելել է, որ իրավիճակի վրա զգալի ազդեցություն է ունենում Մերձավոր Արևելքում աճող լարվածությունը, ինչպես նաև ահաբեկչության տարածման վտանգը։ Նրա խոսքով՝ «Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, չնայած Աֆղանստանում նկատվող որոշ դրական փոփոխություններին, անկայունության հիմնական աղբյուրն անդամ պետություններին սպառնացող վտանգներն են, այդ թվում՝ ռադիկալ գաղափարախոսության, ահաբեկչության և թմրանյութերի անօրինական շրջանառության տարածումը»։

Խոսելով Արևելյան Եվրոպայի մասին՝ նա ասել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունն ուժեղանում է Ռուսաստանի և Բելառուսի սահմաններին։

«Այս ամենը վկայում է այն մասին, որ գլոբալ աշխարհակարգի խորը և արագ փոփոխությունների պայմաններում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու իրավիճակը և դրա փոփոխման դինամիկան պահանջում են մեր մեծ ուշադրությունը և պատրաստակամությունը՝ համապատասխան և արդյունավետ արձագանքելու համար»,–ասել է Սերդյուկովը։

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---