Առևտրականները կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով չեղարկել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որը նրանց պարտադրում է փաստաթղթավորել ամբողջ ապրանքաշրջանառությունը։
Բիզնեսով զբաղվողները նշում են, որ այս պահանջները կարող են իրենց համար լուրջ տուգանքների պատճառ դառնալ, եթե չհաջողեն ժամանակին գույքագրել ապրանքները, հայտնում է Aysor.am-ը։
«Սա թվով 3-րդ միտինգն է, 4-րդը լինելու է ամսի 5-ին՝ արդեն մեծ մասշտաբով, ընկե՛ր վարչապետ, դու պատրա՞ստ ես, էս 100 դրամների հարցը լուծենք, բոլոր շուկաները փակվելու են ու գան մեծ միտինգ անեն, ուղղակի հետաքրքիր է՝ ինչ է ուզում ինքը մեզանից»,- ասել է բողոքի դուրս եկած առևտրականներից մեկը։
Մեկ այլ անհատ ձեռներեց էլ դժգոհել է, որ իրենց ստիպում են գույքագրել ապրանքները, մինչդեռ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել հենց կառավարությունից։
«Մեզ ինչի համար են գույքագրում, կոռուպցիա չունենք, թող ստվերը կառավարության մեջ գտնեն։ Միայն 25 մլրդ անցած տարվա մեջ գոլորշիացել է, չկա, իրենց շքեղության համար են օգտագործել։ Մենք էտ բյուջեն լցնում ենք, որ երկիրը պահենք, ոչ թե իրենց ճոխություների համար, թող կոռուպցիան իրենց մեջ ման գան»,- ասել է բողոքի մասնակիցներից մեկը։
Նա հավելել է, որ ներդրողների արտոնյալ պայմանները տեղացիներին հետին պլան են մղում․
«Դրսից մարդ են բերում՝ արտոնություն են տալիս, ասում՝ ներդրում են անում. Բա մենք չե՞նք ներդրել, մեր գումարով ամեն ինչ վճարում ենք, 4 անգամ մի ապրանքի համար վճարում ենք։ Մաքսայինը վճարում ենք, հարկայինը վճարում ենք, կենսաթոշակայինը վճարում ենք, գույքահարկը տալիս ենք, բյուջեն լցնում ենք, իսկ իրենք ի՞նչ են տալիս, շքեղ ավտոներով ման են գալիս»,- ասել է նա։
Ձեռներեցները զգուշացնում են, որ ապրանքների գների բարձրացումն անխուսափելի կլինի, ինչը կհարվածի սպառողներին։
«Էնքան են անելու, որ ժողովուրդը թողնի գնա, չենք գնալու»,- ասել է անհատ ձեռներեց Կարինե Գևորգյանը։
Նա մանրամասնել է, որ նոր պահանջները պետության համար լրացուցիչ եկամուտ ապահովելու նպատակ ունեն, սակայն դրանց կիրառումը ստեղծում է անարդար պայմաններ։
«Օրենքն ի սկզբանե անօրինականություն է, եթե ես, օրինակ, ներմուծել եմ ապրանքը, և մաքսազերծումով կազմել է 20 մլն դրամ, որում դեռ հաշվարկված չէ տրանսպորտի ծախսը, օտար երկրում հյուրանոցի ծախսը, տեղի հարկ եմ տալիս։ Ինքը նախ իմ 20 մլն-ից փայ է մտնում 1․5 տոկոս, ու երբ արդեն պետք է անցնեմ իմ եկամուտներին, այսինքն՝ վաճառեցի, դարձավ 25 մլն, ինքը նաև այդ 5 միլիոնից 10 տոկոս փայ է մտնում, բայց ես դեռ տեղի վարձ պետք է վճարեմ, հարկայինի գումարները։ Չենք ասում՝ հարկ չվճարենք, ասում ենք՝ հասանելի դարձրու»,- ասել է նա։