ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգմանը

PanARMENIAN.Net - Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարացմանը մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը, հայտնում է Արմենպրեսը։

Նշվում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու, գետնի վրա վստահություն ձևավորելու առանցքային գործիք է:

Հունվարի 29-ին Բրյուսելում ԵՄ անդամ երկրների դեսպանները հավանություն էին տվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու որոշմանը։

Դիտորդական խմբի կազմն ու թվաքանակը կմնան անփոփոխ՝ 165 միջազգային և 44 հայաստանցի աշխատակից։ Դիտորդական առաքելության գործառույթներն ընդգրկում են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ Նախիջևանի հատվածը։

ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել է 2023 թվականին։ Առաքելությունը մշտադիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ, նպատակն է նպաստել մարդկանց անվտանգությանը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած շրջաններում և տեղում վստահության մթնոլորտի ստեղծմանը։ Անվտանգության նկատառումներից ելնելով և դիտորդական գործունեությունն արդյունավետ կազմակերպելու համար առաքելությունն իր բոլոր գործողությունները համակարգում է Հայաստանի իշխանությունների հետ և նախքան պարեկային խումբ ուղարկելը տեղաշարժի մասին տեղեկացնում է ադրբեջանական կողմին։

 Ուշագրավ
---