Փաշինյանն անդրադարձել է Մեղրին ԼՂ-ով փոխանակելու բանակցությունների մասին ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերին

Փաշինյանն անդրադարձել է Մեղրին ԼՂ-ով փոխանակելու բանակցությունների մասին ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած ռեպորտաժին, որում ներկայացվում են ԱՄՆ պետդեպարտամենտի գաղնազերծած փաստաթղթեր այն մասին, որ 1990-ական թվականների վերջերին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններ են ընթացել Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու շուրջ։

Փաշինյանն ասել է, որ հենց այդ ռեպորտաժում ներկայացվող փաստերի մասին է եղել վերջերս իր արած գրառումը, որն էլ Հայաստանի երեք նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու առիթ է դարձել, հայտնում է Արմենպրեսը։

Վարչապետ Փաշինյանը հրապարակված ռեպորտաժից մի հատված է մեջբերել․ «Փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է, որ Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից, և ոչ թե լուծել, այլ էլ ավելի խճճել խնդիրը։ Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է պանդորայի արկղը բացելուն․ Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների»։

Վարչապետի դիտարկմամբ՝ այս մեջբերումն այն մասին է, որ 1999 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահողն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի առանց սահմանների փոփոխության։

«Սա այն է, ինչ ես ասում էի․ այն գրառումը, որը ես արեցի, և որից հետո եղան մեկնաբանություններ, որոնց ես արձագանքեցի բանավեճի հրավերով, այդ գրառումը սրա մասին էր։ Եթե դուք (խմբ․ Հայաստանի նախկին նախագահները) ասում եք, որ Ղարաբաղը չեք ճանաչել Ադրբեջանի կազմում, ապա ինչո՞ւ եք Հայաստանի ինքնիշխան մասը տալիս Ադրբեջանին, որ Ղարաբաղը վերցնեք»,-նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ դիվանագիտական այդ փաստաթղթերի հրապարակումը փակեց այդ թեման։

«Հիմա ես նույնիսկ կարող եմ ասել, որ արդեն բանավեճի չեմ հրավիրում ՀՀ երեք նախկին նախագահներին, որովհետև էլ բանավիճելու բան այլևս չկա։ Հրապարակված փաստաթղթերը բանավեճը դարձրին անիմաստ»,-եզրափակեց ՀՀ վարչապետը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Այդ մասին հայտնել է «Ազատությունը»։

Նշվում է, որ ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել:

 Ուշագրավ
---