1 փետրվարի 2025 - 12:18 AMT
Թուրքիայում վերջին հայկական գյուղը կանգնած է սեփականազրկման սպառնալիքի առջև

Թուրքիայի բնակարանային շինարարության վարչության (TOKİ) կողմից նախաձեռնված նոր բնակարանաշինական ծրագրի շրջանակներում Թուրքիայի վերջին հայկական գյուղը՝ Վաքըֆլըն, կանգնած է սեփականազրկման սպառնալիքի առջև։ Հաթայի Սամանդաղ շրջանում գտնվող Վաքըֆլըն կարող է կորցնել իր հողերի, տների և գյուղատնտեսական տարածքների մի մասը՝ լայնածավալ շինարարական ծրագրի պատճառով։

Գյուղացիները մտավախություն ունեն, որ ծրագիրը կհանգեցնի ժողովրդագրական փոփոխությունների, գրում է Ermenihaber-ը։

Bianet-ին տված հարցազրույցում նրանցից մեկը նշել է, որ Վաքըֆլըն դարեր շարունակ գոյություն ունի, և իրենք անհանգստացած են նրա մշակութային ու պատմական ժառանգության վտանգման պատճառով։ Ըստ գյուղացիների, ծրագրի իրագործումը կարող է սպառնալ Վաքըֆլըի՝ որպես Թուրքիայի միակ հայկական գյուղի կարգավիճակին, քանի որ գյուղի տարածքի գրեթե կեսն այս պահին սեփականազրկման վտանգի տակ է։

TOKİ-ի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Հըդըրբեյ և Վաքըֆքյոյ թաղամասերում նախատեսվող ծրագիրը ներառում է 1353 բնակարանային միավորի կառուցում։ Առաջին փուլում նախատեսվում է կառուցել 667 բնակարան և առևտրային կենտրոն, իսկ երկրորդ փուլում՝ ևս 686 բնակարան։

Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը հայտնել է, որ Հաթայի նահանգապետ Մուստաֆա Մասաթլըի հետ ընթացող քննարկումները կօգնեն պարզաբանել ստեղծված իրավիճակը։

Մուսա լեռան շրջանը, ներառյալ Վաքըֆլըն, դարեր շարունակ հայերի ներկայության վկայությունն է։ Տեղի հայկական համայնքի մեծ մասը ստիպված էր հեռանալ 1915 թվականի ցեղասպանության հետևանքով, իսկ հետագայում՝ 1939 թվականին, երբ Թուրքիան բռնակցեց Հաթայը։ Վերջին տարիներին հայկական կորցրած ունեցվածքը վերականգնելու իրավական ջանքերը հանդիպել են խոչընդոտների։ Վաքըֆլըի Հայկական եկեղեցու հիմնադրամը պահանջել է վերադարձնել 36 գույք, որոնք պատմականորեն պատկանել են հայկական համայնքին, սակայն ժամանակի ընթացքում անցել են պետությանը կամ մասնավոր սեփականատերերին։ Չնայած 2022 թվականին Սահմանադրական դատարանը ճանաչել է սեփականության իրավունքի խախտումը, այդ գույքերը դեռ չեն վերադարձվել։

Առաջարկվող սեփականազրկման ծրագիրը նոր մտահոգություններ է առաջացրել գյուղի ապագայի վերաբերյալ։