Թուրքիան դեմ է Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու Թրամփի առաջարկին

Թուրքիան դեմ է Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու Թրամփի առաջարկին

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան կտրականապես դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ պաղեստինցիներին Գազայից այլ երկրներ տեղափոխելու վերաբերյալ։ Նա այս պլանը համարել է «անմարդկային»։

Դոհայում Կատարի արտգործնախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիդանը ընդգծել է, որ այս նախաձեռնությունը կոպտորեն հակասում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերին և պետք է դատապարտվի համաշխարհային հանրության կողմից։ Նա նաև աջակցություն է հայտնել Կահիրեում ընդունված հռչակագրին, որը նպատակ ունի պաշտպանելու պաղեստինցի բնակիչներին, գրում է TRT-ն։

Բացի այդ, թուրք նախարարն ընդգծել է, որ Անկարան պատրաստ է ընդունել այն պաղեստինցի բանտարկյալներից ոմանց, որոնց Իսրայելը ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակներում։

«Մեր նախագահը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք ընդունել որոշ ազատ արձակված պաղեստինցիներին՝ համաձայնագիրը պահպանելու համար։ Թուրքիան, այլ երկրների հետ միասին, կնպաստի հրադադարի շարունակականությանը», — ասել է Ֆիդանը։

Սպասվում է, որ Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի այցը Կատար, որը սկսվել է կիրակի օրը, կշարունակվի ևս երկու օր։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---