Կրիպտոարժույթների շուկան կտրուկ անկում է գրանցել․ Bitcoin-ը նվազել է մինչև վերջին երեք շաբաթների նվազագույնը, Ethereum-ը հասել է 2024 թվականի սեպտեմբերից ի վեր ամենացածր մակարդակին, իսկ Toncoin-ը՝ մարտ ամսվա նվազագույնին։ Ֆինանսական վերլուծաբաններն անկումը կապում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ երեք երկրի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու որոշման հետ, հաղորդում է Reuters-ը։
CoinMarketCap-ի տվյալներով՝ Երևանի ժամանակով 09:46-ի դրությամբ Bitcoin-ը կորցրել է 6.12% արժեք՝ հասնելով $94.1 հազարի, Ethereum-ը նվազել է 19.71%-ով՝ $2.5 հազարի, իսկ Toncoin-ը անկում է ապրել 20.37%-ով՝ հասնելով $3.7 հազարի։
Վերջին 24 ժամում կրիպտոշուկայի ընդհանուր կապիտալիզացիան նվազել է 10%-ով։ Շատ խոշոր կրիպտոակտիվներ մեկ օրում կորցրել են իրենց արժեքի ավելի քան 20%-ը։
Շաբաթավերջին Դոնալդ Թրամփը ստորագրել է մի հրամանագիր, որով մաքսատուրքեր են սահմանվում Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա։ Չինաստանի համար նախատեսված է 10% մաքսատուրք, Մեքսիկայի համար՝ 25%, իսկ Կանադայի համար՝ 10% էներգառեսուրսների և 25%՝ մնացած ներմուծման համար։
Վաշինգտոնը զգուշացրել է, որ եթե այս երկրները պատասխան քայլեր ձեռնարկեն, մաքսատուրքերը կբարձրացվեն։ Կանադան և Մեքսիկան արդեն հայտարարել են պատասխան մաքսատուրքերի սահմանման մասին և չեն բացառել հավելյալ միջոցառումները։ Չինաստանը, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստվում է դիմել Առևտրի համաշխարհային կազմակերպություն։