Բաքուն Ռուսաստանի հետ սահմանակից ադրբեջանական շրջաններում հանցավոր խմբերի հայտնաբերման և անօրինական գործունեության կանխարգելման գործողություն է իրականացնում։ Նշվում է, որ այդ գործողությունները իրականացվում են Ադրբեջանի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում։
Մեկնարկած «Սահման-Վահան» գործողությունը, որը ներառում է օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումներ, հայտնում է Minval.az-ը։
Ոստիկանության հենակետեր են տեղակայվել Գուբայի, Գուսարի, Խաչմազի, Բալաքենի, Զաքաթալայի, Գախի, Շեքիի, Օղուզի և Գաբալայի շրջաններում։
Նշվում է, որ գործողության հիմնական նպատակն է՝ «բացահայտել և վնասազերծել միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորումների և ահաբեկչական կազմակերպությունների անդամներին, ինչպես նաև կանխել զենքի, պայթուցիկ նյութերի, թմրանյութերի և այլ ապօրինի բեռների ֆինանսավորման ու մատակարարման ուղիները»։
Գործողությունները կտևեն մինչև փետրվարի 10–ը։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն ու ՆԳՆ-ն հայտարարել են ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների գործունեությունը բացահայտելու և կանխելու մասին, հայտնում է APA-ն։
Ըստ հայտարարության, պարզվել է, որ «Անտառային եղբայրներ» ահաբեկչական խմբավորման նախկին դատապարտյալ Գադիր Հաջիևը հանցավոր կապ է հաստատել Գուսարի շրջանի բնակիչների՝ Քյամրան Քերիմխանովի, Ումուդ Գյուլալիևի, Վալերիկ Ադիլովի, Ռիյադ Սաֆարալիևի, Ռովշան Լաչինովի, Նազիմ Զաքիևի և այլոց հետ։
«Նրանք պատրաստվել են ահաբեկչական գործողությունների՝ սարքելով թաքստոցներ Հիլ, Ջիբիր և Յասաբ գյուղերի անտառներում ու ապահովելով դրանք ռազմամթերքով ու տեխնիկական միջոցներով»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գործողության սկզբում, երբ հատուկ ջոկատայինները հայտնաբերել են խմբավորման անդամ Ալիպաշա Քյամիլովին, վերջինս զինված դիմադրություն է ցուցաբերել Գուսար քաղաքում՝ նետելով երկու «ՌԳՕ-78» ձեռնաշարժ նռնակ։ Արդյունքում հատուկջոկատայիններից մեկը վիրավորվել է։ Ալիպաշա Քյամիլովը վնասազերծվել է։
Գործողության ընթացքում Ջիբիր գյուղի մոտակայքում հայտնաբերվել են ապօրինի զինված խմբավորման թաքստոցները, որտեղ զինված դիմադրություն ցուցաբերած Գադիր Հաջիևը, Ռիյադ Սաֆարալիևը, Վալերիկ Ադիլովը և Ումուդ Գյուլալիևը սպանվել են։
Հայտնաբերված թաքստոցներում առգրավվել են պայթուցիկ սարքերի բաղադրիչներ, «Կալաշնիկով» ինքնաձիգեր, որսորդական հրացաններ, փամփուշտներ և ահաբեկչական հայտնի կազմակերպության դրոշ։
Խմբավորման մեկ այլ անդամ՝ Նազիմ Զաքիևը, թաքնվել էր Հիլ գյուղի մոտակայքում գտնվող ֆերմայում, իսկ Քյամրան Քերիմխանովն ու Ռովշան Լաչինովը՝ նույն գյուղում։ Նրանք վնասազերծվել են զինված դիմադրություն ցուցաբերելիս։ Մյուսները կալանավորվել են։