Վարժական հավաքներից խուսափելու պատժամիջոցները կխստացվեն՝ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի միասնական հարթակում։
Նախագծի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը, ինչպես նաև հստակեցվում է ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը:
Նշվում է, որ ներկայումս շատ դեպքերում հնարավոր չի լինում ամբողջական որակում տալ քաղաքացու կողմից վարժական հավաքին չներգրավվելու հանգամանքին, որը հանգեցնում է քրեական վարույթների չհարուցմանը։ Առաջարկվում է հստակ ձևակերպել վարժական հավաքներից խուսափելու տարբեր եղանակները, ներառյալ՝ զինկոմիսարիատ չներկայանալը, բժշկական փորձաքննությունից խուսափելը, ինքնախեղման կամ հիվանդության սիմուլյացիայի միջոցով հավաքներից խուսափելը, փաստաթղթերի կեղծման կամ խաբեության այլ միջոցների կիրառումը։
Նախագծով նախատեսվում է խուսափելու դեպքերում կիրառել խստացված պատժամիջոցներ․ ընդհանուր խուսափման դեպքում սահմանվում է տուգանք, կարճաժամկետ ազատազրկում (մինչև 2 ամիս) կամ ազատազրկում (մինչև 2 տարի)։ Եթե խուսափումը կատարվել է ինքնախեղման, հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթղթերի կեղծման միջոցով, ապա պատիժը կարող է հասնել 2-5 տարվա ազատազրկման։
Նախատեսվում է նաև զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության լիազորությունների ընդլայնում՝ զորահավաքային զորակոչից խուսափող անձանց հետախուզելու և անհրաժեշտ գործողություններ իրականացնելու իրավասություն, ինչպես նաև զինծառայողների պարտադիր տեղափոխման ապահովում իրավապահ մարմինների պահանջով։