ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին «տրանսպորտային համակարգի փոփոխություններին մասնակցելու և աջակցելու համար»։
Նա նշել է, որ շատերը չէին օգտվում համայնքային տրանսպորտից, քանի որ չէին ցանկանում «գազելներում» կռացած երթևեկել։
«Համոզված եմ, որ նման որակյալ և քաղաքակիրթ տրանսպորտային համակարգը հետագայում կբերի նաև քաղաքի երթևեկության բեռնաթափման, հաշվի առնելով, որ շատերը չէին օգտվում համայնքային տրանսպորտից, քանի որ չէին ցանկանում գազելներում կռացած երթևեկել։
Մեր այն քաղաքացիները, որոնք տուրք են տալիս քոչարյանամերձ ընդդիմության հորդորներին և չեն վճարում ուղևորության համար, պիտի հաշվի առնեն, որ իրենց ուղևորության համար վճարում են մնացած ուղևորները` իրենց կողքի ուղևորները, հաշվի առնելով, որ տրանսպորտային համակարգը համայնքինն է և համայնքի միջոցներից է սպասարկվում, իսկ համայնքային միջոցները բոլորիս մասնակցությամբ են գոյանում։
Երևանի հարյուր հազարավոր հյուրերն ու տուրիստները նույնպես կօգտվեն այս որակյալ տրանսպորտից, և մեր քաղաքացիների հյուրասիրությանը կմիանա նաև քաղաքակիրթ տրանսպորտային համակարգը` բարձր պահելով մեր պետության վարկանիշը»,–գրել է նա։
Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: