Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ Շարան Անկարայում Թուրքիայի պաշտոնյաների հետ կքննարկի իր երկրի վերականգնումը և քրդական զինյալների խնդիրը, որը շարունակում է լարվածություն առաջացնել երկու երկրների սահմանին։
Այցը տեղի է ունենում «նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով», հաղորդել է Թուրքիայի նախագահի գրասենյակը, գրում է Turkish minute-ը:
Կողմերը կքննարկեն «տնտեսական վերականգնման, կայունության և անվտանգության ուղղությամբ իրականացվելիք համատեղ քայլերը»,-X-ում գրել է Էրդողանի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Թուրքիան, չնայած իր սեփական տնտեսական դժվարություններին, պատրաստակամություն է հայտնել օգնել Սիրիային 13 տարի տևած պատերազմի հետևանքներից դուրս գալու հարցում։
Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո Շարան փորձում է հավասարակշռված տարածաշրջանային հարաբերություններ հաստատել՝ օգտագործելով տարիների ընթացքում Անկարայի հետ ձևավորած ռազմավարական կապերը։
Փոխարենը, Անկարան ակնկալում է, որ Դամասկոսը կաջակցի քրդական զինված խմբերի դեմ պայքարում, որոնք ԱՄՆ-ի աջակցությամբ Սիրիայի հյուսիս-արևելքում պայքարում են Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերի դեմ։
Շարան Թուրքիա է մեկնել Սաուդյան Արաբիայից, ուր կատարել է իր առաջին միջազգային այցը։
Հունվարի 30–ին հայտնի դարձավ, որ սիրիացի ապստամբների առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան նշանակվել է Սիրիայի ժամանակավոր նախագահ՝ «անցումային կառավարության» գործունեության ընթացքում:
Աշ-Շարաան, ով նաև հայտնի է որպես Մոհամմադ ալ-Ջուլանի, ղեկավարում է իսլամիստական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որն ԱՄՆ-ի, մի շարք արևմտյան երկրների և Ռուսաստանի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական և գլխավորել է զինված ապստամբությունը Բաշար Ասադի ռեժիմի դեմ 2024 թվականի նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին: Արդյունքում Ասադի կառավարությունը տապալվել է, Ասադը փախել է Մոսկվա, իսկ աշ-Շարաան դարձել է երկրի փաստացի ղեկավարը: