6 փետրվարի 2025 - 16:22 AMT
Բաքուն դադարեցնում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունն իր տարածքում

Ադրբեջանը պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունն իր տարածքում դադարեցնելու մասին։ Կառույցի ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է, որ Ադրբեջանի ԱԳՆ–ն իրոք պահանջել է դադարեցնել «Ռուսական տան» գործունեությունը Բաքվում՝ որպես իրավաբանական անձ գրանցման հետ կապված խնդիրների պատճառով, գրում է Minval.az-ը։

Նա նշել է, որ ռուսական կողմը բազմիցս դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ աջակցության խնդրանքով, սակայն հարցն այդպես էլ չի լուծվել։

Պրիմակովն ասել է, որ «Ռուսական տունը» պետք է շտապ լքի վարձակալվող տարածքը, քանի որ սեփականատերն այն վաճառելու է։

«Բանն այն է, որ և ՌԴ դեսպանությունն Ադրբեջանում, և մեր ներկայացուցչությունը, և ԱԳՆ–ն այս տարիների ընթացքում բազմիցս դիմել են Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, ԱԳՆ–ին՝ խնդրելով աջակցել գրանցման հարցում։ Մենք միշտ պատրաստ ենք եղել դա անել, սակայն, մեր կոչերը միշտ անպատասխան են մնացել»,–ասել է Պրիմակովը «Ռոսիա 24»–ի եթերում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, այդ թվում՝ «ԲաքուՏՎ»-ն, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» վերահսկողության տակ գտնվող «Ռուսական տունը» որակել են որպես «սեպարատիզմի որջ և լրտեսների բույն»։

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև որոշակի լարվածություն է առաջացել Ակտաուի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարից հետո, երբ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը, արտաքին ազդեցության է ենթարկվել Չեչնիայի օդային տարածքում։ Օդանավում եղած 67 ուղևորներից միայն 29-ն է փրկվել։

Ադրբեջանը նման որոշում է կայացրել նաև ամերիկյան USAID գործակալության նկատմամբ՝ դեռևս նախքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ այդ կազմակերպության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ։