ԱՄՆ–ն կշարունակի աջակցություն տրամադրել այլ երկրներին՝ անկախ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարման մասին որոշումից։ Այդ մասին հինգշաբթի օրը Սանտո Դոմինգոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը պաշտոնական այցով Դոմինիկյան Հանրապետությունում է։
Նա հավելել է, որ մի քանի միջազգային աջակցության ծրագիր չի ընդգրկվի USAID-ի դադարեցման հրամանագրի մեջ, և վարչակազմը ներկայումս զբաղվում է դրանց ընտրությամբ։
«Մենք օտարերկրյա օգնություն կտրամադրենք։ Միացյալ Նահանգներն աջակցություն կտրամադրի այլ երկրների, բայց դա կլինի օժանդակություն, որը իմաստ կունենա և կհամապատասխանի մեր ազգային շահերին», – հայտարարել է Ռուբիոն, հայտնում է CBS News–ը։
USAID-ի գործունեության դադարեցման վերաբերյալ մեկնաբանություններում Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կենտրոնացած է «գործող ծրագրերը բացահայտելու և դրանք շարունակելու, ինչպես նաև ԱՄՆ-ի ազգային շահերին չհամապատասխանող ծրագրերը հայտնաբերելու և դրանց հետագա ճակատագիրը որոշելու վրա»։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտարարել է, որ փետրվարի 8–ից, կազմակերպության բոլոր վարձու աշխատակիցներն ամբողջ աշխարհում հարկադիր պարապուրդի կուղարկվեն, բացառությամբ առաքելության համար կարևոր գործառույթներ, հիմնական ղեկավարություն և հատուկ նշանակված ծրագրեր իրականացնող անձնակազմի: Արտասահմանում տեղակայված աշխատակիցներին հրահանգվել է 30 օրվա ընթացքում վերադառնալ ԱՄՆ։