7 փետրվարի 2025 - 18:38 AMT
Միրզոյանը կարևորել է Նորվեգիայի հետ հարաբերությունների խորացումը

Պաշտոնական այցով Նորվեգիայի Թագավորությունում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ հանդիպումից հետո մամուլի համար կարճ հայտարարությամբ կարևորել է Նորվեգիայի հետ հարաբերությունների խորացումը։

Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի շարունակական աջակցությունը երկրի զարգացման օրակարգին:

«Հարավային Կովկասի՝ տարածաշրջանային հարցերի առումով, կրկին, Նորվեգիան մշտապես հետաքրքրվածություն է ցուցաբերել: Այսօր ես հնարավորություն եմ ունեցել ներկայացնել մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և ևս մեկ անգամ վստահեցնել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր ջանքերը` տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և Հարավային Կովկասում նոր՝ խաղաղության դարաշրջան բացելու համար:

Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս Նորդիկ-Բալթյան երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի, հետ համագործակցությանը: Մենք ուրախ ենք արձանագրել, որ Նորդիկ-բալթյան երկրներն իրենց հերթին նույնպես դրսևորում են փոխադարձ հետաքրքրվածություն: Մենք վճռական ենք մեր հարաբերություններում նոր հորիզոններ բացահայտելու հարցում և ողջունում ենք այն, որ այս մոտեցումը լայնորեն կիսում է նաև նորվեգական կողմը»,–ասել է նախարարը։

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն Օսլոյում երկկողմ hանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար կարճ հայտարարություններով։