Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը փաստերի համադրման արդյունքում եզրակացրել է, որ Բաքվում դատական նիստերին մասնակցող հայերի հայտարարությունները պահման լավ պայմանների վերաբերյալ չեն կարող դիտարկվել որպես ազատ կամարտահայտություն։
«Ադրբեջանը ճանաչված է որպես երկիր, որտեղ խոշտանգումները և դաժան վերաբերմունքը վարչական պրակտիկայի մաս են: Հայրենդարձվածների վկայությունները համադրված են բժշկական արդյունքների, փորձաքննությունների հետ, և վկայում են, որ հայերի նկատմամբ կա վատ վերաբերմունք, նաև ստորացման դրսևորումներն են պարբերական բույթ կրում», - ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։
Փաստաբան Սիրանուշ Սահակյանի տեղեկություններով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները նույն խցում երբևէ միասին չեն պահվել։
«Չունենք որևէ տեղեկատվություն, որ երբևէ Արայիկ Հարությունյանը պահվել է Ռուբեն Վարդանյանի հետ կամ այլ բարձրաստիճան ղեկավարների հետ: Հստակ ունենք տվյալներ, թե ում հետ երբևէ չի պահվել մի խցում, և այս առումով առնվազն տարօրինակ է, որ մյուս պատանդների հետ խցում չլինելով, նրանց հետ շփում չունենալով՝ կարելի է կատեգորիկ հայտարարություն կատարել այլ պատանդների պահման պայմանների և վատ վերաբերմունքի բացակայության վերաբերյալ: Մենք այստեղ հակասություն ենք տեսնում, քանի որ Ռուբեն Վարդանյանը նաև հրապարակային ներկայացրել է իր նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումները»,–ասել է նա։
Ադրբեջանական դատարանի առջև հայտնված Արցախի ղեկավարներին առաջադրվել են ցեղասպանության, ահաբեկչության ու ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու մեղադրանքներ: Նկարագրված ծանր հանցանքների շարքը, ըստ Բաքվի, «Հայաստանի քաղաքական, ռազմական ու նյութական օժանդակությամբ է տեղի ունեցել»։
Իրավապաշտպանը կարծում է, որ այդ մեղադրանքը Հայաստանի դեմ են՝ ագրեսոր ներկայացնելու համար։
«Ադրբեջանական կողմը, Հայաստանի տարբեր ժամանակահատվածների ղեկավարների անուններն ամրագրելով, մի խնդիր է փորձում լուծել, որ «Արցախի վարչակազմը հրահանգավորումներ է ստացել Հայաստանի իշխանությունների կողմից, և այն եղել է խամաճիկային վարչակազմ»: Քանի որ Ադրբեջանը չունի ապացույցներ, փորձում է այստեղ ևս ապացույցներ ստեղծել ներպետական դատարանների գործունեության միջոցով, որոնք հետագայում հրամցնելու են միջազգային դատական ատյաններին: Թեև արհեստական հիմքեր ստեղծվում են, սակայն այդ ապացույցները վիճարկելի են, և միջազգային իրավունքում արգելված է ճնշումների, խոշտանգումների ներքո ձեռք բերված ապացույցների օգտագործումը»,–ասել է նա։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե նախկին նախագահ ու նախկին արտգործնախարար Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Բաբայանը փետրվարի 6–ի դատական նիստում հերքել են իրենց ու ազատազրկված մյուս հայերի նկատմամբ ճնշումները, Արայիկ Հարությունյանը՝ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հետախուզական տեղեկություններ կան, որ Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ «հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից»։
Դավիթ Բաբայանը նաև ասել է․»Թող նրանք, ովքեր կարող էին լինել մեր տեղում, հարցնեն իրենց, թե ինչպես կվարվեին»։