Եվրոպական միության գերագույն ներկայացուցիչը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասն ու ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Քոսը համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանի իշխանությունների գործողություններն ավելի ու ավելի են հեռանում ժողովրդավարական արժեքներից։
Նրանք ընդգծել են, որ Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի, քրեական օրենսգրքի և «Հավաքների ու ցույցերի մասին» օրենքի փոփոխությունների արագացված ընդունումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ հասարակության վրա։ Նրանց կարծիքով՝ այս փոփոխությունները «խաթարում են խոսքի և հավաքների ազատությունը, ինչպես նաև սպառնալիք են ներկայացնում ԶԼՄ-ների անկախությանը», գրում է Interpressnews-ը։
Կայա Կալասն ու Մարտա Քոսը նշել են, որ ստեղծված իրավիճակը վկայում է Վրաստանի ժողովրդավարական զարգացման լուրջ հետընթացի մասին։ Նրանք ընդգծել են, որ այս գործողությունները չեն համապատասխանում ԵՄ անդամակցության թեկնածու երկրի սպասելիքներին։ Այդ պատճառով նրանք կոչ են արել Վրաստանի իշխանություններին կասեցնել նշված փոփոխությունների իրականացումը, խուսափել լարվածության աճից և սպասել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությանը։
Բացի այդ, նրանք կոչ են արել Վրաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր ապօրինի կալանավորված լրագրողներին, ակտիվիստներին և քաղաքական պատճառներով հետապնդվող անձանց։ Նրանք կարևորել են բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսության հաստատումը։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վստահության վերականգնման և երկխոսության համար պետք է դիտարկել բոլոր հնարավոր տարբերակները։
«Մենք ականատես եղանք, թե ինչպես են վրացական իշխանությունները այլակարծիքների ճնշման նպատակով դիմում ահաբեկման ու բռնության։ Խաղաղ ցույցերի մասնակիցները, լրագրողներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները հետապնդումների թիրախ են դարձել։ Ձերբակալված լրագրող Մզիա Ամագլոբելիի գործը ևս մեկ օրինակ է, թե ինչպես են իշխանությունները վերաբերվում լրագրողներին և նրանց, ովքեր ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը։ Ներկայումս Մզիան դարձել է բոլոր անարդարացիորեն կալանավորվածների համարձակության խորհրդանիշը։ Բռնության համար պատասխանատու անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում ներառված վերջին ընտրություններին վերաբերող առաջարկությունները պետք է անհապաղ իրականացվեն։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են Վրաստանի ժողովրդավարական, կայուն և եվրոպական ապագային», – ասված է հայտարարության մեջ։
ԵՄ-ն 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանին շնորհել է թեկնածուի կարգավիճակ, սակայն 2024–ի հունիսին որոշում է ընդունել դադարեցնել անդամակցության հայտի գործընթացը և նվազեցնել ֆինանսական աջակցությունը։ Պատճառը դարձել է «օտարերկրյա ազդեցության» մասին օրենքի ընդունումը, որը Բրյուսելը համարել է ավտորիտար և ներշնչված Ռուսաստանի քաղաքականությամբ։
Եվրոպական հանձնաժողովը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը վրացի դիվանագետների և պաշտոնյաների համար՝ ի պատասխան երկարատև բողոքի ակցիաները ճնշելու կառավարության կոշտ քայլերին։