10 փետրվարի 2025 - 10:39 AMT
Փետրվարի 10–ին Բաքվում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

Փետրվարի 10–ին Բաքվում կշարունակվի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը։ Նրան ծանր մեղադրանքներ են առաջադրել, որոնցով նրան սպառնում է ցմահ ազատազրկում։

Նախորդ նիստում սկսվել էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցումը սակայն, մեծ ծավալի պատճառով դատարանը որոշել է շարունակել ընթերցումը հաջորդ նիստում, գրում է Trend-ը։

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ի իր ուղերձում հայտարարել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից, և որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են։

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը որոշ մանրամասներ է հայտնել Ռուբեն Վարդանյանի դատավարությունից, որը Վարդանյանի ընտանիքին է փոխանցել տեղի փաստաբանը՝ նշելով, որ փաստաբանը բացարկ է հայտնել թարգմանչին, որը լրջագույն սխալներ է թույլ տվել։

Սահակյանը նկատել է, որ մեղադրական եզրակցության հրապարակված հատվածներից պարզ է դառնում, որ այս դատավարության ընդհանուր իմաստը Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի անթույլատրելիության հասնելն ու ինքնորոշման բոլոր ջանքերը ոչնչացնելն է: Փորձում են ամեն կերպ ցույց տալ, որ այս ամենը եղել է «տարածքների զավթման հանցավոր գործունեություն»:

Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և առանձին վարույթով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունների մեղադրական եզրակացությունների մեջ հիշատակվում են նաև ՀՀ նախկին նախագահները, պաշտոնյաները, անգամ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը։