Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գործադուլ անող աշխատակիցները ժամը 12:00-ին նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել կոմբինատի տարածքում։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։
«Գործատուն փորձում է իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով ճնշել այս աշխատավորական ընվզումը, որը սոցիալական արդարության հասնելու համար է։ Կարող ենք ասել, կարծես թե սայլը տեղից շարժվում է»,- սոցցանցի իր էջում
Նա հայտնել է, որ իրենց հետ հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, նաև նախատեսվում է հանդիպում Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի և նրա տեղակալների հետ։
«ԱԺ ներկայացուցչի կողմից է առաջարկ եղել քննարկելու խնդիրը և գտնելու արժանապատիվ լուծում»,–ասել է նա ր հորդորել բոլորին միանալ բողոքի ակցիային։
«Բոլորս գիտակցում ենք, որ առաջին հերթին վնասներ է կրում աշխատավոր ժողովուրդը, պետությունը։ Ինչպես գիտեք, մեր գործընկերներից մի քանիսն ազատվել են աշխատանքից։ Համակարգող խորհրդի անդամներից ոչ ոք չի ստորագրել աշխատանքից ազատվելու հրամանը, մենք բոլորս հանդիսանում ենք ԶՊՄԿ աշխատակիցներ»,- ասել է Մխիթարյանը։
Ավելի վաղ ԶՊՄԿ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ընկերության հետ չառնչվող անձինք, հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում մեր աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը։ Հայտարարվել էր 8 անձի աշխատանքից ազատելու մասին։
«Մենք սա համարում ենք անընդունելի և ակնկալում ենք իրավապահ մարմիններից այս փաստերի մանրամասն ու համապարփակ քննություն։ Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն ավելի վաղ հայտարարել էր, որ աԱշխատողներն իրավունք ունեն պայքարելու իրենց արժանապատիվ աշխատանքային պայմանների համար, այդ թվում` գործադուլի միջոցով։
ԶՊՄԿ-ի մի խումբ աշխատակիցներ մոտ մեկ շաբաթ է, ինչ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ ԶՊՄԿ-ն և դրա արհմիությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ աշխատակիցների այդ գործողություններն ապօրինի են, իսկ նրանց պահանջներն անիրատեսական։ ԶՊՄԿ-ն նաև հայտարարել է, որ այդ գործողություններին մասնակցում են նաև կոմբինատի հետ որևէ կապ չունեցող անձինք։
ԶՊՄԿ-ն իր աշխատակիցների և կոմբինատի հետ կապ չունեցող անձանց գործողությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել իրավապահ մարմիններին։