Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ տրանսպորտի ուղեվարձի 65 դրամ ինքնարժեքի մասին պնդումները մանիպուլյատիվ են՝ ընդգծելով, որ քաղաքի ծախսերն իրականում շատ ավելի բարձր են։
«Վերջին շրջանում շրջանառվում են պնդումներ այն մասին, որ մայրաքաղաքում ուղևորափոխադրման ինքնարժեքը 65 դրամ է։ Ես չեմ պատկերացնում՝ այդ թվերը որտեղից են վերցնում։ Կարող էին ասել 23 դրամ կամ 6 դրամ։ 6 դրամն ավելի լավ է հնչում։ Մինչդեռ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ամսական ծախսը մոտավորապես 1.8 մլրդ դրամ է, դեռ չհաշված գնված ավտոբուսները»,- ասել է քաղաքապետը, գրում է Auroranews.am-ը։
Նա նաև հիշեցրել է, որ 1990-ականների վերջից ուղևորափոխադրումը 100 դրամ է եղել։
«Մենք ունենք մի խնդիր՝ արած աշխատանքն ավելի լավ ներկայացնելու և այս պարզ ճշմարտությունները մարդկանց հասանելի դարձնելու, որովհետև երբ մենք չենք խոսում, խոսում են մանիպուլյացիայի լեզվով, ու մարդիկ դա են լսում։ Հիմա ուզում են համոզել, որ նոր 12 մետրանոց գերմանական ավտոբուսներով և 8.5 մետրանոց մեր նոր պարկով հնարավոր է մարդկանց 65 դրամով տեղափոխել, իբր դա է ինքնարժեքը։ Ասում եմ՝ կարող էին հայտարարել 6 դրամ, 7 դրամ, ձրի»,- հավելել է նա։
Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: