10 փետրվարի 2025 - 14:43 AMT
Երևանը տրանսպորտի կառավարման կենտրոն կունենա

Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Կենտրոնը լինելու է «Երևանտրանսի» տարածքում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարման այս կենտրոնը պետք է գործի որպես ՀՈԱԿ, քանի որ մասնավոր երթուղային գծեր այլևս չչկան, իսկ ուղևորափոխադրումները կազմակերպվում են բացառապես քաղաքին ենթակա ընկերությունների կողմից։

Նշվել է նաև, որ «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները ստանում են գիշերային հավելավճարներ՝ ժ. 22:00-ից հետո կատարած աշխատանքի համար: Նրանք ապահովված են նաև տարեկան մինչև 5 մլն դրամ առողջապահական ապահովագրությամբ:

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: