10 փետրվարի 2025 - 15:09 AMT
ԶՊՄԿ–ն խոստացել է աշխատավարձերը բարձրացնել միջինը 20%-ով և կոչ արել վերադառնալ աշխատանքի

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կոմբինատում աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։

Նշվում է, որ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է համապատասխան պարտավորություններն ու հրապարակում է հայտարարությունը՝ հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։

«Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։

Հաշվի առնելով բժշկական ապահովագրության վերաբերյալ ստացված բազմաթիվ գրավոր և բանավոր բողոքները՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույթ և կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ»,–ասվում է հայտարարության մեջ։

Աշխատանքային պայմանների բարելավման մասով նշվում է, որ վերջին տարիներին ԶՊՄԿ-ն իրականացնում է առկա համակարգերի ու նախագծերի տեխնիկական աուդիտ, որն ավարտվել է 2024–ի դեկտեմբերին, որից հետո մեկնարկել է նոր համակարգերի նախագծման և ձեռքբերման գործընթացը։

«Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը։

Հարգելի աշխատակիցներ, կոչ ենք անում վերադառնալ ձեր աշխատավայրերը։ Այս նպատակներին և խնդիրների լուծմանը մենք կարող ենք հասնել միասին։ ԶՊՄԿ-ն միասնական կոլեկտիվ է, և մեր ընդհանուր նպատակն է կոմբինատի արդյունավետ աշխատանքը՝ ի շահ աշխատակիցների բարեկեցության, տարածաշրջանի զարգացման և Հայաստանի բարգավաճման»,- ասվում է հայտարարության մեջ։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների մի մասը հունվարի 31–ից գործադուլ է հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում 120-150,000 դրամով և աշխատանքային պայմանների բարելավում։ Ղեկավարությունը գործադուլի մասնակից 8 անձի ազատել է աշխատանքից։