Փետրվարի 10–ին փաստաբանական համայնքը գործադուլ է իրականացնում՝ ընդդեմ հարկային փոփոխությունների, որոնց հետևանքով քաղաքացիները հնարավորություն չեն ունենա օգտվելու անվճար իրավաբանական ծառայությունից։ Գործադուլին միացել են փաստաբանական համայնքի գրեթե բոլոր ներկայացուցիչները, հայտնել է Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։
Նա նշել է, որ փաստաբանների ավելի քան 90 տոկոսը մասնակցում է գործադուլին, հայտնում է «Փաստինֆոն»։
Մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։
Գործադուլով փաստաբաններն ուզում են պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունների հետևանքների վրա:
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ որ հանդիպել են թե օրենսդիր, թե գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, ներկայացրել են իրենց մտահոգությունները, սակայն որևէ արդյունքի չեն հասել, գրում է Aysor.am –ը։
Նա նշել է, որ փաստաբանական ծառայությունների հարկման պրակտիկան համարվում է ոչ պատշաճ երևույթ և խնդիր է առաջացնում այն քաղաքացիների համար, ովքեր ակնկալում են իրավական աջակցություն։
«Սահմանադրական դատարան բողոք է ներկայացվել, վարույթ ընդունվելու մասին որոշում դեռ չունենք։ 1212 փաստաբան հանրագիր է ստորագրել, որով առաջարկել են, որպեսզի փաստաբանական ծառայություններն ազատվեն ավելացված արժեքի հարկից, իսկ փաստաբանների կողմից մատուցվող անվճար իրավաբանական օգնությունն, առհասարակ, ազատվի հարկից»,–ասել է Բաբայանը։
«Օրենքն ընդունել են առանց հաշվարկների, առանց վիճակագրության, առանց վերլուծության, առանց փաստաբանական ինստիտուտի հետ քննարկելու, ինչը հարկային օրենքի ուղղակի պահանջ է»,-նշել է փաստաբան Արա Զոհրաբյանը, հայտնում է Aysor.am-ը։
Նա ընդգծել է, որ փաստաբանները գիտակցում են, որ պետությունը պետք է հարկերով կայանա, սակայն միևնույն ժամանակ չի կարելի մեղվի փեթակը ջարդել՝ մեղր հանելու համար։
«Սա շատ սխալ մոտեցում է։ Ես այդքան լավատես չեմ, որ կառավարությունն օբյեկտիվ վերաբերմունք կցուցաբերի, բայց բոլոր դեպքերում այս բողոքի ակցիաներով ուզում ենք իրենց մտածել տալ, որ սա լուրջ խնդիր է»,-հավելել է Արա Զոհրաբյանը։
Ավելի վաղ փաստաբանները հայտարարել էին, որ հարկային փոփոխություններն առաջացնում են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ բացասաբար են անդրադառնում խախտված իրավունքների պաշտպանության վրա, անհնար դարձնում անվճար իրավաբանական օգնության տրամադրումը փաստաբանական կազմակերպությունների կողմից, զգալիորեն ավելացնում են փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը՝ սահմանափակելով դրանց հասանելիությունը, լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում փաստաբանական համայնքի համար, քաղաքացիների համար փաստաբանական ծառայությունների արժեքն ավելացնում են 20%-ով՝ ստեղծելով խտրական պայմաններ, լրացուցիչ ծանրաբեռնում են փաստաբանների աշխատանքը, պահանջում հաշվապահական ծախսեր, բարդացնում նորաստեղծ փաստաբանական գրասենյակների գործունեությունը՝ հարկային բեռի պատճառով։