10 փետրվարի 2025 - 16:04 AMT
Քաղաքապետարան․ Ավտոբուսի վարորդները ստանում են գիշերային հավելավճարներ

«Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները ստանում են գիշերային հավելավճարներ՝ ժ. 22:00-ից հետո կատարած աշխատանքի համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Վերջիններն, ի դեպ, ապահովված են նաև տարեկան մինչև 5 մլն դրամ առողջապահական ապահովագրությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

«Հայգեր» մակնիշի ավտոբուսների վարորդների ժամային աշխատավարձն էլ հունվարի 1-ից 1050-ից դարձել է 1800 դրամ։

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: