11 փետրվարի 2025 - 11:02 AMT
Վարդանյանը Բաքվի դատարանին մեղադրել է կանխակալության մեջ և բողոք հայտնել դրա կազմի դեմ

Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, որի գործով շինծու դատավարությունը Բաքվում շարունակվում է, դատարանին մեղադրել է կանխակալության մեջ՝ հայտարարելով, որ Բաքվի ռազմական դատարանի դատավորները շահագրգռված են իր քրեական հետապնդմամբ և բողոք է ներկայացրել դատարանի կազմի դեմ։ Նրա միջնորդությունը մերժվել է, գրում է «Կավկազսկի ուզելը»։

Փետրվարի 10–ին կայացած դատական նիստը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։

Վարդանյանի պաշտպան Ավրաամ Բերմանը միջնորդություն է ներկայացրել իր վստահորդի հետ առանձին հանդիպման պայմաններ ապահովելու համար։ Դատարանը բավարարել է այս միջնորդությունը։ Հանդիպումից հետո նիստը շարունակվել է։ Նախագահող դատավորը հայտարարել է նոր թարգմանիչների ներգրավման մասին: Կողմերը չեն առարկել, հայտնում է Minval.az-ը։

Ավելի վաղ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը որոշ մանրամասներ էր հայտնել Ռուբեն Վարդանյանի դատավարությունից, որը Վարդանյանի ընտանիքին է փոխանցել տեղի փաստաբանը։ Նա հայտնել էր, որ բացի նրանից, որ շինծու գործը պարունակում է 422 հատոր ադրբեջաներենով, պարզվել է, որ նրան հատկացված թարգմանիչը, որը պետք է գործի նյութերի գոնե բանավոր թարգմանություն ապահովեր (քանի որ գրավոր թարգմանություն, անգամ՝ նշումներ անել թույլ չեն տալիս), անգամ նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել:

2024 թվականի դեկտեմբերի վերջին Վարդանյանի գործը փոխանցվել էր Բաքվի ռազմական դատարան։ Նա հայտարարել էր, որ ադրբեջանցի քննիչները կեղծել են հարցաքննությունների արձանագրությունները և պահանջել էր բաց դատական նիստ՝ միջազգային լրագրողների ու մարդասիրական կազմակերպությունների մասնակցությամբ։

Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Նրա դեմ առաջադրվել է մոտ 45 նոր մեղադրանք՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով, և նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Հունվարի 27-ին դատարանը հրաժարվել է նրան տեղափոխել տնային կալանքի։