Փետրվարի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ԲՏԱ նախարարության և Mistral AI ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով նախատեսվում է խթանել արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համատեղ նախաձեռնությունները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ այս գործընկերությունը կարևոր նշանակություն ունի հզոր տեխնոլոգիական էկոհամակարգ ձևավորելու համար, որն իր մեջ կներառի տաղանդավոր մասնագետներին և ԱԲ լուծումներն օգտագործելով՝ կբարելավի կառավարման արդյունավետությունն ու արագությունը։
Mistral AI ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մեսչն ընդգծել է, որ Հայաստանի ԱԲ էկոհամակարգը դինամիկ զարգանում է, և իրենք հպարտ են իրենց ԱԲ լուծումներով աջակցելու երկրի պետական կառավարման համակարգին, ստարտափներին ու տեխնոլոգիական տաղանդներին։
Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանում ԱԲ ենթակառուցվածքների բարելավում, ԱԲ-հենքով բիզնես լուծումների աջակցություն և հանրային կառավարման արդիականացում՝ GovTech ծրագրի միջոցով։ Նախատեսվում է, որ այդ գործընթացներում կօգտագործվի Mistral AI-ի փորձառությունը՝ առևտրային և բաց կոդով ԱԲ տեխնոլոգիաների ոլորտում։
Ակնկալվում է, որ այս համաձայնագիրը կնպաստի Հայաստանին դառնալ տարածաշրջանային ԱԲ կենտրոն՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը։ Փաստաթուղթը միտված է տեխնիկական աջակցության և գիտելիքների փոխանակման միջոցով ամրապնդել Հայաստանի ԱԲ էկոհամակարգը, ներդնել նորարարական հարթակներ բիզնես լուծումների մշակման համար և խթանել ԱԲ գործիքների կիրառումը պետական կառավարման ու ծառայությունների մատուցման ոլորտներում։
ՀՀ կառավարության և արդյունաբերական ոլորտի համագործակցության շրջանակում Հայաստանի կառավարությունը կապահովի ենթակառուցվածքային ու կարգավորող աջակցություն, մինչդեռ Mistral AI-ը Հայաստանում կիրագործի իր մասնագիտական փորձառությունը՝ վերապատրաստումների կազմակերպման և ԱԲ լուծումների տրամադրման միջոցով։