11 փետրվարի 2025 - 15:21 AMT
ՊՆ–ի առաջարկը՝ աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով

ՊՆ-ն առաջարկում է ներկայիս աշխարհազորի համակարգի փոխարեն ստեղծել տեղական պաշտպանության ուժեր։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով մի շարք օրենքներում նախատեսվող փոփոխությունների նախագիծը։

«Համաձայն այս փաթեթի՝ նախատեսվում է ներկայումս գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով»,- նշել է Սարգսյանը, հայտնում է «Առավոտը»։

Նա պարզաբանել է, որ տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է բանակային կորպուսի հրամանատարության կողմից։

«Դրանք ներառվելու են զորամասերի ենթակայությամբ գործող զորամիավորումների կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ»,–ասել է նա։

Ըստ նրա, տեղական պաշտպանության ուժերի կազմավորումները կհամալրվեն համայնքում հաշվառված այն անձանցով, որոնք պատերազմական իրավիճակում նախատեսված հաստիքներում չեն ընդգրկված, գտնվում են պահեստազորի երկրորդ խմբում կամ դուրս են բերվել զինվորական հաշվառումից։

«Համալրումը կիրականացվի կամավորության սկզբունքով՝ անձի հետ կնքվող պայմանագրի հիման վրա, որը չի համարվելու զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր»,- նշել է Սարգսյանը։

Կառավարությունը հավանություն է տվել «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: